«․․․Որ դուք գտնեք այն դուռը, որով պետք է բացեք ձեր բարեկեցիկ, երջանիկ, ազատ ապագան»
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻՆ
Առաջին կանգառը եղել է Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցում:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և շնորհակալություն հայտնել Մանգոյան ընտանիքին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին, բոլոր բարերարներին, ովքեր ներդրում են ունեցել դպրոցի կառուցման գործում:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին և ընդգծել նոր ժամանակներում այդ գործընթացում նոր բանաձևեր որդեգրելու անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով՝ այսօրվա իրադարձությունն այդ նոր մոդելի արտահայտությունն է. «Հիմա մենք աշխատում ենք այն թեմայի վրա, թե ինչպես անենք, որ սիներգիա առաջանա և մեր ուժերը կարողանանք մեկտեղել: Կարծում եմ՝ այս դպրոցը նաև այդպիսի բանաձևի արտահայտություն է, որովհետև մեր բարերարների, ՔՈԱՖ-ի ջանքերով կառուցվել է շենքը, գույքը հատկացրել է Կառավարությունը»:
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Համոզված եմ, որ այս դպրոցը Դեբեդի երեխաների ավելի լավ կյանքի սկիզբ է, և մենք պետք է նրանց ուղղորդենք այդ ուղղությամբ, որովհետև երեխաների, ընտանիքների, գյուղացիների, քաղաքացիների լավ ապրելը նշանակում է, որ երկիրն է լավ ապրում, երկրի լավ ապրելը նշանակում է, որ քաղաքացիներն ավելի լավ են ապրում: Սա մեր պարզ, շատ պրիմիտիվ հնչող, բայց շատ բարդ իրագործելի նպատակն է, բայց ես համոզված եմ, որ մենք, ի հեճուկս բոլոր բարդությունների, այդ նպատակը կիրագործենք»:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է տեղի թիվ 8 հիմնական դպրոցում, որտեղ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 245 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված է 358 աշակերտի համար:
Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ նույնպես իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Վերջինիս համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 140 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 183 աշակերտի համար։ Այս դպրոցը ևս ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում:
Վանաձորի N9 հիմնական դպրոցում կառուցվել է նաև նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հրազդանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոցին հատկացված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 912 մլն դրամ: Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները մեկնարկել էին 2021թ. նոյեմբերին, ավարտվել 2025թ. օգոստոսին: Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորելով բոլորին հերթական դպրոցի բացման առիթով: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ դպրոցի կառուցումը, բացումը, մեզանում դառնում է շատ սովորական, առօրեական մի բան: Վարչապետ Փաշինյանը կարևորել է «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձի ընկալումը և հույս հայտնել դպրոցներում ստացած գիտելիքներով երեխաները կընդլայնեն լավ ապրելու մասին Կառավարության ունեցած պատկերացումները և իրենք իրենց պատկերացումներով կձևակերպեն լավ ապրելու իրենց չափանիշները՝ որպես անհատ, որպես դպրոց, որպես հանրություն, որպես համայնք:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությանն ուղղված շնորհակալական խոսքերը վերադարձնում է բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են, արդյունք են ստեղծում, օրենքով նախատեսված իրենց հարկերը վճարում։
Ամփոփելով խոսքը՝ վարչապետը ներկայացրել է Կառավարության պատկերացումը Հայաստանի մասին. «Մենք Հայաստանը պատկերացնում ենք այսպիսին, ինչպիսին այս և մյուս նորակառույց դպրոցներն են, որոնք անթերի չեն և, իմիջիայլոց, երբեք էլ անթերի չեն լինելու, բայց ուրախ են, ապրող են, հեռանկար ունեցող են, լուսավոր են, ընդարձակ են, շունչ ունեն, հոգի ունեն, կյանք ունեն, ապրելու են և լավ են ապրելու»:
Հրազդան համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որտեղ շինաշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 929 մլն դրամ, միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից:
Գեղարքունիքի մարզի Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոցում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր մոդուլային դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ., ավարտվել 2025թ.:
Ջիլի դպրոցի աշխատանքի մեկնարկի առթիվ շնորհավորելով ներկաներին՝ Վարչապետն ուրախությամբ արձանագրել է, որ շուտով ճանապարհի կառուցման աշխատանքները նույնպես կավարտվեն: «Երևի գյուղի պատմության մեջ սա ամենամեծ ներդրումն է՝ ճանապարհը և դպրոցը միասին վերցրած: Եվ սա շատ կարևոր արձանագրում է: Մենք սրանով կարևորում ենք կրթության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում, այսպիսի միջավայրի հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում»,- ասել է վարչապետը և հավելել. «Ես ուզում եմ, որ դուք այս դպրոցում ձեզ զգաք որպես ազատ և հպարտ քաղաքացի, այս դպրոցում զգաք ձեր ուժը, ձեր ստեղծագործության ուժը, գիտելիքի ուժը, այս դպրոցում դուք հասկանաք, որ այսօր, ամեն օր կառուցվում է ձեր ապագան»։
Վարչապետն անդրադարձել է «Ապագան այսօր է» կարգախոսին և նշել. «Դա, առաջին հերթին, վերաբերում է դպրոցին, որովհետև այն, թե այսօր երեխան դպրոցում ինչով է զբաղված, ինչ որակով է զբաղված, այդ ամեն ինչով 80 և ավելի տոկոս ճշգրտությամբ մենք կարող ենք կանխատեսել նրա ապագան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Կարգախոսը նրա մասին է, որ ապագան պետք չէ կանխատեսել, պետք չէ ապագայի մասին գուշակություններ անել, ապագան այսօր կառուցվում է նաև ձեր աշխատանքով՝ երեխաները ինչքանով են ընկղմված կրթական պրոցեսում, այդ կրթական պրոցեսը ինչքանով է իրենց հաճելի, ինչքանով է նրանց օժտում հենց այն գիտելիքներով, որոնք նրանց պիտի օգնեն կյանքում գտնել իրենց սիրած աշխատանքը և ինչքանով պրոֆեսիոնալ կլինեն իրենց սիրած աշխատանքի մեջ»:
Խոսելով աղքատության մասին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօր աղքատության պրոբլեմն 80% դեպքերում ուղիղ աներկբա, առանց շեղումների կախված է կրթության որակից։ «Ես ուզում եմ ասել, որ մեր հավատը հետևյալն է, որ երեխաներից յուրաքանչյուրը բացառիկ տաղանդ ունի, և կրթական համակարգի դերը, մեր բոլորի դերն է աջակցել նրանց, օգնել նրանց, խրախուսել, որպեսզի և՛ իրենք, և՛ մենք իրենց տաղանդը բացահայտենք: Հատկապես ինչո՞ւմ են տաղանդավոր երեխաները՝ մեկը տաղանդավոր մարզիկ է, մյուսը տաղանդավոր դերասան է, երրորդը տաղանդավոր գիտնական է, չորրորդը տաղանդավոր տնտեսվարող է, հինգերորդը տաղանդավոր ուսուցիչ է, վեցերորդը տաղանդավոր արվեստագետ է, յոթերորդը տաղանդավոր քաղաքական գործիչ է, ութերորդը տաղանդավոր դիվանագետ է և այլն։ Եվ հենց սա է դպրոցի դերակատարումը և նշանակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի երեխաներ, սա ձեր տաղանդի արտահայտման տարածքն է: Սա ձեր տունն է: Դուք այստեղ պետք է ապրեք և դուք այստեղ ամեն օր պետք է տեսնեք, ստեղծեք սեփական ձեռքերով ձեր ապագան։ Այս գրքերը և այն դասերը, որոնց դուք առնչվում եք, այս դասասենյակները, այս դպրոցը, ուսումնական ծրագիրը, որոնց հետ դուք առնչվում եք, ձեր ապագայի բանալին են։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք տիրապետեք, գտնեք այդ բանալին և գտնեք այն դուռը, որով պետք է բացեք ձեր բարեկեցիկ, երջանիկ, ազատ ապագա»:





