Որոշումներ՝ կառավարության հերթական նիստում

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունն  ավելի քան 1 մլրդ  դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար. 2025 թ. այդ նպատակով արդեն իսկ հատկացվել է 13 մլրդ 322 մլն դրամ։
 
ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝  առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,765,685.1 հազար դրամ սուբվենցիոն ծրագրերի՝  համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: 
 
 
Կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի
բնականոն ընթացքը. կհատկացվի 917.2 մլն դրամ
 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրեր իրականացումը: Որոշմամբ 19 համայնքներում նախատեսվում է համաֆինանսավորել մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված  35 ծրագիր՝ 917.2 մլն դրամի չափով։ 
 
Այդ առչությամբ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ծրագրի  մասնակցային լինելու երաշխիքների անհրաժեշտությունը. «Ծրագրի նպատակն այն է, որ քաղաքացիները մասնակցեն: Այնպես չէ, որ եթե քաղաքացիները չմասնակցեին, այս ծրագրերը ընդհանրապես դուրս էին մնալու: Այստեղ առաջնահերթությունների որոշման խնդիր է: Այդ թվում՝ կոմիտեներում քննարկելիս շատ էական նշանակություն պետք է տրվի, և նաև Կառավարության նիստերին էլ այս հարցերը զեկուցելիս բոլոր տեղեկանքներում պետք է գրվի, թե ամեն ծրագրի քվեարկությանը քանի քաղաքացի է մասնակցել, որպեսզի հասկանանք՝ մասնակցայնության մակարդակը բարձրացնո՞ւմ ենք, թե՞ ուղղակի համայնքի համար և մարզպետարանի համար թղթարարություն ենք ավելացրել, որ պիտի ուշադիր լինեն, թե խորագիրը որ վերնագրի ներքո է գրվում: Այսինքն՝ մեխանիզմներն անպայման պետք է ունենանք»:
 
Դալարիկում կհիմնվի նեկտարինի և սալորի ինտենսիվ այգիներ
 
Կառավարության որոշմամբ «ՍԼԳ ԱԳՐՈ» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է իրականացնել արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ ինտենսիվ այգիների հիմնման ներդրումային ծրագիր։
 
Ընկերությունը ներդրումային ծրագիրն իրականացնում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ վարչական շրջանի հողամասերում, որտեղ պլանավորվում է 2025-2027թթ.-ին հիմնել նեկտարինի և սալորի 207.35 հա ինտենսիվ այգիներ, իսկ 6.2322 հա հողամասում՝ այգիների սպասարկմանն օժանդակող շինություններ՝ ադմինիստրատիվ գոտի։ Այգու ոռոգումն իրականացվելու է կաթիլային ոռոգման համակարգով, այն պաշտպանված է լինելու կարկտապաշտպան համակարգով, մեկ հեկտար հողակտորի վրա տնկվելու է շուրջ 1,642 ծառ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 5.5 մլրդ դրամի ներդրում լարասյունային համակարգի և հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման, կաթիլային ոռոգման և պարարտացման համակարգերի ձեռքբերման և տեղադրման, ծառերի և գյուղտեխնիկայի ձեռքբերման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ 230 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 600.5  մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 59 մլն դրամ: