Այսօր՝ Կառավարության նիստում

ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ի թիվս այլ որոշումների, այսօր նաև հաստատվել է․
 
Աշխատանք փնտրող անձանց կտրվի առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու
և ծառայություններ ստանալու հնարավորություն
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որի արդյունքում ակնկալվում է  ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգը՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։ Ըստ այդմ՝ հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու  և ստանալու ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու: Այն  հնարավոր կդարձնի գործատուների համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։ Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը: 
 
Դրամական խրախուսում՝ մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին
 
Կառավարությունը հաստատել է Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը չափերը: Ըստ հիմնավորման՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։ 
 
Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների թվին են դասվում այն փառատոները, մրցույթներն ու մրցանակաբաշխությունները, որոնք ցանկը հաստատվում է ոլորտային միջազգային կազմակերպությունների՝ ինչպես օրինակ, Թատերարվեստի համաշխարհային կազմակերպությունը, Եվրոպական փառատոնային ասոցիացիա, Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի և այլոց կողմից։ Միջազգային հեղինակավոր մրցույթները, փառատոները պետք է պարտադիր համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին. միջազգային ձևաչափ, պարբերական անցկացում, միջազգային ժյուրի և պետական աջակցություն։ Դրամական խրախուսում տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Ոչ անհատական (խմբային) արդյունքի դեպքում գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը։ 
 
Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի: Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660 հազար դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։ Արդյունքում՝ կկարևորվի մշակույթի գործիչների դերը հայ մշակույթի հանրահռչակման գործում, մշակույթի գործիչների և ինքնազբաղ արվեստագետների համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր, որը կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը:
 
Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին
սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
 
Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներ, կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ: