Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում. Վարչապետ

Կառավարության այսօրվա Կառավարության նիստում այն վարող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա առաջին եռամսյակների գյուղատնտեսական ցուցանիշներին և ընդգծել, որ 
առաջին 7 ամիսների տվյալներով տնտեսական ակտիվության 7 տոկոսանոց ցուցանիշ է գրանցվել: Ընդ որում՝  տնտեսության հիմնական ճյուղերում  բավականին լավ աճի տեմպ է արձանագրվում: 
 
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին ամիսների տվյալներով արագացման որոշակի միտումներ է ցուցաբերում, որովհետև հուլիսին ունեցել ենք 9.1 տնտեսական ակտիվության ցուցանիշ: Իհարկե, 7 ամսվա տվյալներով որոշակի մտահոգիչ է մշակող արդյունաբերության թիվը: Բայց այստեղ վերաարտահանման հետ կապված գործընթացներ կան, որոնք փոխվել են, հուլիսին 4.2 տոկոս աճ ունենք արդյունաբերության: Արդյունաբերությունը մեր ամենաթույլ կետերից է եղել ավանդաբար, բայց ես կարծում եմ, որ քաղաքական և տարածաշրջանային պրոցեսները, այդ թվում՝ սպասվող ապաշրջափակումը ՀՀ-ի, արդյունաբերությունը նույնպես պետք է դուրս բերեն նոր որակ և նոր հարթություն,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Այս առումով, վարչապետն  ընդգծել է, որ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում: «Սա ես չեմ ասում որպես որևէ արտառոց բան, որովհետև հենց մեր ցանկացած զարգացման տրամաբանությունն այն է, որ ամեն հաջորդ տարվա ցանկացած կետում մենք ունենանք մեր բարեկեցության ամենաբարձր աստիճանը»,- ասել է  վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանն  արձանագրել է նաև, որ  հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից: 
 
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են 
 
Գործադիրն ընդունել է նաև «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են Երևանի Գլխավոր պողոտայի վերակառուցման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է այդ տարածքում թվով 4 գույքային միավորի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:                                
 
 
Կընդլայնվի տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակը
 
Գործադիրը հաստատել Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի  շահառուների ցանկը: Որոշման նպատակը բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրումն է 2020 թ. պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին։ Որոշման  ընդունումը պայմանավորված է տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։ Տեղահանումից հետո նշված ընտանիքները «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերել անշարժ գույք ՀՀ-ում և սկսած 2023 թ. սեպտեմբեր ամսից այդ վարկերի գծով ամսական մարումները չեն իրականացվում, ինչը կարող է հանգեցնել բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերի բռնագանձման հաշվին վարկային պարտավորությունների մարման գործընթացի։ 
 
Որոշմամբ առաջարկվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով ծրագրի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացնել ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ վճարման ժամանակացույցերին համապատասխան։ Ընդ որում, որոշման ընդունման պահին ՀՀ քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից։