Գործադիրի որոշումներից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախ անդրադառնալով անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։
 
Ի թիվս այլ խնդիրների՝ քննարկվել և հավանության է արժանացել Ջրվեժում 
Համահայկական խաղերի մարզական ավան կառուցելու առաջարկը
 
Կառավարությունը հավանություն է տվել «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ-ի ներկայացրած՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ ՀՀ սեփականություն հանդիսացող  «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասում կառուցապատման նպատակով ներկայացված  ներդրումային ծրագրին: Ըստ այդմ՝ ընդունվել է կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու վերաբերյալ որոշում, որը պայմանավորված է Համահայկական խաղերի մարզական ավանի կառուցմամբ: Այն Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր:
 
Կազմակերպությունն  առաջին փուլում տեղադրելու է էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու է մոտ 20 մլրդ 900 մլն  դրամ։ Ներդրումային ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախատեսված ծրագրային 3 փուլերի ավարտից հետո, ավանի ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում, կստեղծվի շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև կտնկվի շուրջ 20,000 ծառ։
 
 
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կկառուցվի շոկոլադի
և հրուշակեղենի արտադրության նոր գործարան
 
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 
 
«Վելլար գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է ներմուծվող սարքավորումներով կառուցել նոր գործարան շոկոլադի և հրուշակեղենի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 8 մլրդ դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 110 աշխատատեղ 598 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 900-ի՝ 353 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 553 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 51 մլն դրամ։
 
«Ռոսե գարդեն» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2.1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ  դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 57 մլն դրամ: