«Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները»․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով (հրապարակվում է մասնակի կրճատումներով)
Նիկոլ Փաշինյան. - ․․․Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Մասուդ Փեզեշքիանին, ով առաջին անգամ է այցելում Հայաստանի Հանրապետություն։ Մեր կառավարությունների միջև հաստատված ակտիվ և կառուցողական երկխոսությունը Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման գրավականներից է։ Վստահ եմ, որ նախագահ Փեզեշքիանի այցը նոր լիցք և որակ կհաղորդի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին։
 
Անխոս, Հայաստան-Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկերության  հիմքում ընկած է Հայաստանի և Իրանի ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել մեր երկու ժողովուրդների պատմական ուղին։ Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։
 
Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր Կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում Հայաստանի Հանրապետության պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:
 
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն։
 
Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ Հռչակագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։
 
Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար։ Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և, ի վերջո, դեպի Սև ծով։ Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պիտի ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը։ 
 
Ցանկանում ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր։
 
Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Փեզեշքիան,
 
Ամփոփելով՝ պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր կառավարությունների շարունակական ակտիվ ջանքերի շնորհիվ երկուստեք կյանքի կկոչենք նոր համատեղ ծրագրեր՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների:
 
Շնորհակալ եմ: 
 
Մասուդ Փեզեշքիան. - ․․․Հայաստանը մեր կարևոր հարևաններից է և պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խոր արմատների մասին։ Իրանի հայ համայնքի ներկայությունը Իրանում, հատկապես սահմանակից հատվածներում, խոսում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունների, ինչպես նաև սահմանների երկու կողմում բարեկամության ամուր կապերի մասին: Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել  է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ: 
 
Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարևաններին խաղաղություն և հանգստություն ենք ցանկանում, հատկապես՝ մեր հարևան պետություն Հայաստանի համար: Եվ  գտնում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև բարեկամությունը լավագույն գործոններն են անվտանգության պահպանման համար, ինչպես նաև դեպի զարգացման ուղով շարժվելը։ 
 
Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է: Եվ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը: Գտնում ենք, որ  տարածաշրջանում  ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերություններին՝ տարածաշրջանի իրավիճակը ավելի կբարդացնի: 
 
Խաղաղությունը Կովկասում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները: 
 
Իրանի Իսլամական Հանրապետության  դիրքորոշումը եղել է տարածաշրջանում, Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և  գտնում ենք, որ  այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ: 
 
Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական  մակարդակի։ 
 
Իրանը և Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով, միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր: Տարանցիկ երկաթգծի,  ցամաքային և ծովային ճանապարհի զարգացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, ընդհանուր տնտեսական ազատ գոտիների ստեղծմանը:  Դրանք համարվում են մեր երկու երկրների համագործակցության ոլորտները, որոնց շուրջ մենք կառուցողական երկխոսություն ենք ունեցել։ 
 
Եվ մենք նաև ընդգծել ենք սահմանների անվտանգության հարցը: 
 
Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար:  Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ քաջառողջություն և երջանկություն: Ցանկանում եմ նաև վարչապետին շուտով հյուրընկալել Իրանում: