«Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»
ՀԱՏՎԱԾ՝ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՑ
2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայում կայացած եռակողմ հանդիպան առնչությամբ ՀՀ վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին, որում շրջադարձային է համարում Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը։
Ի մասնավորի ուղերձում նշվում է ․

- ԱՄՆ նախագահի, իմ և Ադրբեջանի նախագահի ներկայությամբ արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը՝ ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը։
Ընդունեցինք Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ Հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որը ստորագրեց նաև նախագահ Թրամփը։
Այդ Հռչակագրում կարևորագույն պայմանավորվածություններ են արձանագրված։ Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։
Վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Ուշադրություն դարձրեք․ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Հռչակագրում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Ընդ որում, ընդգծվեց մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։
Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք նաեւ անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Հռչակեցինք, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Արձանագրեցինք, որ այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։
Սիրելի՛ ժողովուրդ,
Այն ինչ ասացի, արդեն նորություն չէ, և վերջին 10 օրերին մեր հանրային-քաղաքական-փորձագիտական ամենաակտիվ քննարկումների առանցքում է։ Բայց հիմա, այս ուղերձում հարկ եմ համարում հանդես գալ գնահատականով, թե գործնականում ինչ է նշանակում վերը հիշատակվածը և մեջբերվածը, որն է տեղի ունեցածի քաղաքական իմաստն ու նշանակությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Վերը նշվածը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել։
Այս գործում, իհարկե, անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել միջազգային Նոբելյան կոմիտեին։
Բայց ուզում եմ վերադառնալ մեզ և արձանագրել, որ օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում, և այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում եմ, որովհետև դա հեշտ չէ գիտակցել, որովհետև դա մեզ անծանոթ իրավիճակ և իրողություն է։





