Վարչապետն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան

ՆԱ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ Է ՆՎԻՐԵԼ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆԿԱՐԱԶԱՐԴ ՄԱՏՅԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան:
 
Վարչապետը թանգարանի գլխավոր տնօրեն Աարոն Ռոսսի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել ներկայացված ցումանմուշներին: Թանգարանում ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական հնագույն Աստվածաշունչը:
 
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ տպավորված է թանգարանում ներկայացված ցուցանմուշներով և թանգարանին նվիրել Գրիգոր Նարեկացու միջնադարյան նկարազարդ մատյանի կրկնօրինակը:
 
Այն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համաշխարհային ճանաչում ունեցող աղոթագրքի ամենահին օրինակներից է։ Բնագիրը գրվել է 1173 թվականին Կիլիկիայում՝ նշանավոր գրչագիր և նկարիչ Գրիգոր Սկևռացու ձեռքով՝ պատվերով բարձրյալ հայ աստվածաբան Ներսես Լամբրոնացու։ Ձեռագիրը պահպանվում է Երևանի  Մատենադարանում՝ որպես հայ գրավոր և մանրանկարչական արվեստի բացառիկ գլուխգործոցներից մեկը։