Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի ևս մեկ հողատարածք ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը

Այսօր տեղի ունեցած հերթական նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կառավարությունն ընդունել է որոշում, որով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց հարող տարածք հասցեում գտնվող 1,044,444, 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,773 հա մակերեսով հողամասը ամրացվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
 
Անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։
 
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, 2025 թվականի մայիսի 8-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Կարեն Իսկանդարյանի՝ Երևանի քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև 13.04.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճռի հիման վրա 2025թ. հունիսի 20-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը  Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,7730 հա մակերեսով հողամասի նկատմամբ: 
 
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է. «Միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար»:
 
Անդրադառնալով կեղծիքով հողի օտարման հնարավորությունների բացառմանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ 2025 թվականին երկու գործիք է ներդրվել.
 
- Առաջինը համայնքային հողերի վաճառքի հետ կապված անպայման գնահատման պայմանն է, այսինքն՝ դրանք այլևս հնարավոր է գնել և վաճառել շուկայական արժեքով, այսինքն՝ այդ հողակտորներից յուրաքանչյուրի համար առանձին գնահատում է իրականացվում: Եվ երկրորդը վերաբերում է պետական գույքի օտարմանը: Մենք այլևս այն վաճառում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով, և շուրջ 730 աճուրդ ունենք, որից արդեն 120-ը ամբողջությամբ ավարտվել է:  
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով, ընդգծել է. «Մեր նպատակն է գույքերի վաճառքը դարձնել մաքսիմալ հրապարակային, թափանցիկ և տեղեկատվությունը հասանելի բոլորի համար ցանկացած պահի»:    
 
Վարժական հավաքներ կհայտարարվեն
 
Գործադիրի որոշմամբ հայտարարվել են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով` 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների՝
 
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: