Կրթությունն է մեր ռազմավարությունը բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում. վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 3,408,199.8 հազար դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների Արագ արձագանքման ֆոնդի համալրման նպատակով։
ԿԳՄՍ նախարարը ընդգծել է՝ որոշմամբ նաև արհեստական բանականության դպրոցական ծրագրի ստեղծման նոր պայմաններ են ձևավորվում: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է 2023 թ.-ից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ իրականացվող «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին, որի շրջանակում երեխաները խորացված մաթեմատիկա, ծրագրավորում և նաև արհեստական բանականության հիմունքներ են սովորում ու իրականացնում են պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ Նախորդ տարի ծրագրում ընդգրկվել է հանրակրթական 15 ուսումնական հաստատություն 7 մարզերից, իսկ այս տարվա սեպտեմբերից դպրոցների թիվն ընդլայնվելու է՝ հասնելով 42-ի: Վերջիններս նաև ձևավորվելու են որպես քննական կենտրոններ, որտեղ ուսուցիչների կամավոր ատեստավորման և մյուս կարևոր գործառույթների համար համապատասխան տեխնիկական վերազինումը նախատեսվում է Կառավարության այս որոշմամբ:
Նիկոլ Փաշինյանը, այդ համատեքստում անդրադառնալով կրթության ոլորտի զարգացմանը, նշել է. «Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է, բայց իմ կարծիքով՝ մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ, որ կրթությունն է մեր ռազմավարությունն ընդհանրապես բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում»: Վարչապետը հավելել է՝ կրթությունն է մեր ռազմավարությունը, որովհետև չկա այնպիսի ոլորտ, որի համար այս կարգախոսը շատ պրակտիկ նշանակությունի չունենա:
Վարչապետը նաև նշել է՝ կարևոր է, որ Կառավարությունն ունենա աշակերտներին ուղղված մի ուղերձ, որը կլինի նրանց աչքի առաջ՝ հասկանալի, պարզ, լրացուցիչ բացատրությունների կարիք չունեցող: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գարնանը տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնարարական է տվել ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մշակվի այդ ուղերձը և համապատասխան ձևավորում տրվի: «Ուրախ եմ տեղեկացնել, որ եկել ենք եզրակացության, և 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, ըստ էության, առնվազն նորակառույց դպրոցներում մենք մեր աշակերտներին այս ուղերձով կդիմենք. «Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»», -ասել է երկրի ղեկավարը՝ ցույց տալով համապատասխան պաստառը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխման միջոցով գումար կհատկացվի մի շարք կրթական ավարտված և ավարտական փուլում գտնվող, նոր մեկնարկող և ընթացող օբյեկտների շինարարական աշխատանքների, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի պայմանագրերի
ֆինանսավորման համար։
Հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական
կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների
անվճար ուսուցման ընդունելության տեղերը
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հաստատման և պետական ուսումնական հաստատություններում ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսված արհեստագործական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հատկացվելու են 58 ուսումնական հաստատության՝ 41 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 74 ուսումնական հաստատության՝ 116 մասնագիտությամբ: Ըստ հիմնավորման՝ Կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ՝ ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը: Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդների և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
Անդրադառնալով մասնագիտական կրթությանը՝ վարչապետը նշել է. «Մեր նպատակն է, հատկապես մարզերում՝ տնտեսական կառուցվածքին և մարզի աշխատաշուկային արձագանքող մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ ստեղծել, որպեսզի շրջանավարտները սովորեն և շարունակեն գործունեությունն իրենց մարզերում, կարողանան սերտորեն կապվել իրենց մարզի տնտեսական կյանքի հետ՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի միջոցով»:
Բարձրագույն կրթության համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ակադեմիական քաղաքի ստեղծմանը՝ ընդգծելով, որ այնտեղ կգործի նաև ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված երեխաներ։
Անդրադառնալով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրին՝ վարչապետը նշել է, որ այն պետք է ունենա շարունակություն. հաջորդ փուլում Կառավարությունը կունենա հստակ պատկերացում՝ քանի մարզադպրոց, քանի արվեստի դպրոց և քանի երաժշտական դպրոց պետք է կառուցվի:





