ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Վարչապետ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:
Վարչապետը, շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ընկալմամբ, վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ՝ առանց իրենց մասնակցության:
- Սահմանադրությունն, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-Կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ այնուամենայնիվ, մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, այո, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտակմամբ՝ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ: Նրանք չեն զգում, որ իրենց կամարտահայտմամբ է ձևավորվել կյանքի այն կանոնը, որն այսօր գործում է ՀՀ-ում:
- Իրավակարգի ձևավորման սահմանադիրը ժողովուրդն է: Ինչպիսի ոսկեղենիկ Սահմանադրությունն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել՝ որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը, լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է:
- Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը:





