«Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են»
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԻՆ
Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ներկայացնելով կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյաննը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա զարգացման ռազմավարության նախագիծը, որն առաջիկայում սահմանված կարգով կընդունվի և կապահովի ծառայության հետագա ընթացքը և զարգացումը:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն:
- Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է,- նշել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
- Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, ունեն և՛ ահաբեկչության, և՛ սահմանադրական կարգի խախտման, և՛ հակահետախուզական բնույթի հատկանիշներ: Աշխարհում հիմա շատ է քննարկվում հիբրիդային սպառնալիքների համակարգը, և ես կուզենայի, որ մենք այս երեք գործառույթների կատարման համատեքստում մեր ընկալումները նույնպես ընդլայնեինք:





