Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը:
 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նշել է. «Բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության  անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն և, բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին:  Առավոտյան հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ և կարծում եմ, որ իմաստ կունենա ԱԱԾ-ի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, Ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի: Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, և ես այս պահին չունեմ որևէ այլ բան ասելու՝ բացի հրապարակվածից: Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»: 
 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև  հանրային արձագանքներին. «Մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց. օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»։
 
Ի թիվ այլ որոշումների, նաև ամրագրվել է
 
Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Մինաս Ավետիսյանի թանգարան
 
Կառավարության որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող՝ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղ, ինչպես նաև կանոնակարգել որմնանկարների տեղափոխման և գույքային իրավունքների գրանցման գործընթացը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության լայն զանգվածների համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով տեսնել որմնանկարները: Միաժամանակ, թանգարանում առկա են նաև բարենպաստ պայմաններ որմնանկարների հետագա պահպանությունն իրականացնելու համար: Վարչապետի հանձնարարությամբ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է Որմնանկարների Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճից ապամոնտաժման, նկարչի  թանգարան  տեղափոխման, նոր վայրում տեղադրման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստումը։ 
          
Միջազգային համագործակցություն. դրամաշնորհ կտրամադրվի
«Նաիրիտ» գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով
 
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:  Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  մի շարք քննարկումներ է իրականացրել Համաշխարհային բանկի  հետ, մասնավորապես՝ գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ: Համաձայնագրով նախատեսվում է գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվող ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Գործունեության նպատակն է նպաստել հանրության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը լուծելու համար առաջարկվող նախագծի նախապատրաստմանը: Նախատեսված  են, մասնավորապես,  հետևյալ գործողությունները՝ նախագծում և տեխնիկական գնահատում, բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում, կարողությունների զարգացում և այլն: 
 
Հավանություն է տրվել նաև
 
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին 2002 թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրին կից կիրարկման արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Կողմերը պարտավորվում են մասնագիտացված հիմնարկություններում տեղավորված բոլոր անչափահասների համար ստեղծել բարենպաստ և հավասար պայմաններ: Անչափահասների մասնագիտացված հիմնարկություններում պահելու հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի պետության տարածքում դրանք առաջացել են: Անչափահասների տեղափոխման հետ կապված ծախսերը կրում է նրանց մշտական բնակության պետությունը: