Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են ուղիղ կապերն ու երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։
Մինչ այդ Վարչապետը հանդիպել էր Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այցելել Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը՝ միջպետական հարաբերությունների հաստատման և երկխոսության խորացման գործընթացում։
Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են այսօրվա այցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային զարգացումներին, «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը և մի շարք այլ թեմաների։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է նաև Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։
Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։
Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում և հայկական դպրոցում՝ տեղում ծանոթանալով կրթական ծրագրերին ու համայնքային նախաձեռնություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին։





