«Մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ»․ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
- ․․․ Եվ ես արձանագրում եմ, այո՛, 2018 և 2019 թվականին եղել եմ ֆորպոստի վարչապետ, առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։
2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում և կարծում եմ՝ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք, մեր քաղաքական թիմը, բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ի՞նչ ենք մենք ուզում: Մենք գտնվել ենք վերջնական և ամբողջական ֆորպոստացման գծի եզրին, և մենք մեզ հարց ենք տվել՝ մենք ուզո՞ւմ ենք այդ գիծը հատել, թե՞ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդը պետք է կայացնի որոշումներ, իհարկե, առաջին հերթին մենք ինքներս պետք է կայացնենք որոշումներ։ Եվ այս պրոցեսը, շատ կարևոր է արձանագրել, որ մի քայլանոց կոմբինացիա չի, այս պրոցեսը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս պրոցեսը, որտեղ ֆորպոստի, ինձ համար անձամբ, ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում, իհարկե, 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել: Ես գիտեմ այն օրը, երբ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ: Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Գիտեք մեր ընդդիմությունն այս օրը և այս փաստը, նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս, օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա շատ կարևոր և շրջադարձային պահ է, որովհետև իրականում՝ և՛ խորքային քաղաքական իմաստով, և՛ առարկայորեն, ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը, դա մի ժամանակներ էր, երբ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները, փաստորեն, և դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր և իրավիճակ, երբ մեր, նույնիսկ ամենամոտ երկրները՝ մեր երկրի, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր, հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում:
2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիան:
Եվ ես հիմա արձանագրում եմ, արձանագրումն այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ, և սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ, բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ: Կարևորն, ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա», շատ կարևոր է նաև, ի վերջո, պատասխանել այդ հարցին, լավ մենք այդ կարգախոսը իրագործեցի՞նք, թե՞ չիրագործեցինք, կա՞ ապագա, թե՞ չկա ապագա: Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդատվության նյութ, և այդ խորհրդատվության արդյունքում ես եկել եմ հետևյալ եզրակացության՝ ի՞նչն է գործնականում նշանակում, որ կա ապագա, և ի՞նչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա: Եթե կա ապագայի նախագիծ՝ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա, եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա: Եվ այո՛, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք՝ որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծէ, և այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա և այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր և այդ պարամետրերից կարևորագույնը՝ սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք և ամբողջական հարևանների տարածքային, միջազգայնորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը և դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելը։
Եվ ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին յոթ տարիների պատմությունը, հարգելի՛ ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից հաջողության, և ոչ թե անհաջողության պատմություն է։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ, և այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոկ օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն չկայանա, և Հայաստանի Հանրապետությունը կայանում է և Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես և մենք բոլորս, առնվազն ես, որովհետև բոլորի հետ շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ: Նորից ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, և սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։
Հատված՝ ԱԺ-ում 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից





