Կառավարության որոշումներով

Այսօր տեղի ունեցած ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նաև համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացի շարունակականությունը։
 
Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:
 
Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և
Օմանի Սուլթանության քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի
 
Կառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման ընդունումը թույլ կտա Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և վերոնշյալ պետությունների միջև քաղաքական ու միջպետական վստահության խորացման տեսանկյունից վիզային ռեժիմի վերացումը կարող է դիտվել որպես հաջորդական և կարևոր քայլ՝ նպաստելու բարենպաստ միջավայրի ձևավորմանը Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Օմանի Սուլթանության և Քուվեյթի Պետության հետ հնարավոր երկկողմ վիզային ռեժիմի ազատականացման, տուրիստական հոսքերի ավելացման, ինչպես նաև այլ փոխշահավետ համագործակցային նախաձեռնությունների իրականացման համար:
 
Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ այն կնպաստի զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը, ինչպես նաև երկրում ներդրումային հնարավորությունների խթանմանը:
    
 
Կառավարությունը խրախուսում է ուսանողների առաջադիմությունը
 
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ. կարգավորումներն ուղղված են ուսանողների առաջադիմության խրախուսմանը: Ըստ հիմնավորման, անհրաժեշտություն է առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացրել է ուսանողների առաջադիմության վերլուծություններ՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի, Գորիսի և Վանաձորի պետական համալսարաններից ստացված տեղեկատվության համաձայն: Արդյունքում՝ ակնկալվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով կրթաթոշակ տրամադրել ըստ կիսամյակների՝ խրախուսելով ուսանողների առաջադիմությունը: Մասնավորապես, մեկ կիսամյակի արդյունքում կրթաթոշակի տրամադրումը, հատկապես մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում (մագիստրատուրայում ուսումնառությունը 2 տարի է) կնպաստի կրթության որակի բարձրացմանը՝ խրախուսելով ուսանողներին կենտրոնանալ առաջադիմության վրա: Որոշումը կտարածվի 2025/2026 ուստարվանից պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա:
 
 
2025թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում
վավերական ՀՀ քաղաքացու 448 անձնագիր
 
  Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 448 անձնագիր: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (205 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (243 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: