Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: 
 
Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ 
 
Պատասխանատուները վերահաստատել են, որ ծրագրի նպատակն է Երևանի կենտրոնում ստեղծել միջազգային բարձր դասի բիզնես կենտրոն, որը ներառելու է ժամանակակից գրասենյակային տարածքներ, ստարտափ բիզնես կենտրոններ, առևտրի կետեր, հյուրանոց, կոնֆերանսների սրահներ և ցուցասրահներ:
 
Նշվել է, որ ծրագրի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար։ 
 
Քննարկում է ծավալվել ծրագրի իրականացման տարբեր բաղադրիչների շուրջ, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
 
Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և հանձնարարել աշխատանքային հանդիպումների միջոցով մանրամասն քննարկել բոլոր հնարավոր հարցերն ու լուծումները։