Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:
 
Ի թիվս մարզի տարբեր համայնքների, վարչապետը հյուրընկալվել է նաև Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոցում, որի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 543 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար և ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում։ 
 
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել. «Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ Կառավարությունն ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով և բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։ 
 
Վարչապետը խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին և նշել. «Ի վերջո դպրոցի ամենակարևոր նպատակն այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով՝ նկատի ունենք, որ լավ ապրեն, և սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կարգախոսը պետք  է ազդարարի բոլոր աշակերտներին՝ լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված է միայն գիտելիքի վրա։ 
 
Ստեփանավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում համայնքը կունենա նոր կառուցված բնակելի թաղամաս՝ 15 շենքով: Նշվել է, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ., ավարտը նախատեսված է 2028թ.: 
 
Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 1 դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 231 մլն դրամ: Վերանորոգվող դպրոցը նախատեսված է 522 աշակերտի համար։ Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին: 
 
Այնուհետև վարչապետն այցել է Հագվու նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ: 
 
Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Ալավերդիի «Սանահին կայարան» թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը: Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 մլն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել՝ նախորդ տարվա հեղեղումների հետևանքով:  Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։ 
 
Վարչապետին են ներկայացվել նաև Հ-22, /Մ-6/ - Դսեղ - /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման  աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 105 մլն դրամ։ Արդյունքում հիմնանորոգվել է 117.7 մ երկարությամբ կամուրջ․․․
 
Վարչապետի վերջին կանգառը եղել է Փամբակ բնակավայրում, որտեղ ծանոթացել է մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «Մաունթրի Mounthree» հյուրանոցը: Վարչապետը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին։ Նշվել է, որ հյուրանոցը կառուցվել է 2021-2024թթ., իրականացվել է շուրջ 8 մլն դոլարի ներդրում: