Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ․ ՀՀ վարչապետ
ԱՅՍՏԵՂ ԿԼԻՆԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ:
Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին այդ կարգավիճակում նշանակվելու առիթով և նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը նման հարթակ, ձևաչափ, խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք, անհրաժեշտություն ունի և միշտ է ունեցել: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նորակազմ Հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի:
«Իմ ընկալումն այն է, որ Հանրային խորհուրդն առաջին հերթին պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե նաև մարտավարական և կոնկրետ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, որ սա Կառավարության համար լավ հնարավորություն է՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշել է վարչապետը։
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ինքն այսօր շատ ավելի լավատես է, քան եղել է 2018 կամ 2019, առավել ևս 2020 կամ 2021 թվականներին։ Իսկ ի՞նչն է փոխվել այս ընթացքում։ Վարչապետի ընկալմամբ և դիտանկյունից փոխվել է հետևյալը, որ Կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։ «Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի առկայությունը չթերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր և ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում: Իմ գնահատմամբ, լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Կառավարության և պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է: Ես փորձեցի այս մասին խոսել Ազգային ժողովում վերջին երկու ելույթների ժամանակ և հիմա հատկապես Հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա: Լավատեսությունը բխում է նրանից, որ սեղանի վրա կա նախագիծ և այդ նախագծի իրագործումը 90 և ավելի տոկոսով կախված է մեզնից, բացարձակապես մեզնից և այն որոշումներից, որոնք կկայացնենք մենք՝ որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ: Կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ լավատեսությունը չի նշանակում երաշխիք:
Վարչապետի խոսքով՝ այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երաշխավորված չէ. այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով, որոշումներ, այդ թվում՝ հանրության հետ շատ ակտիվ աշխատանք: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։