Գործադիրը քննարկել ու որոշումներ է ընդունել

Այսօր կայացած  ՀՀ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ընթերցել է քաղաքացուց ստացված նամակը՝ 2025 թ. հունվարի 1-ից ներդրված շրջանառության  հարկի փոփոխության վերաբերյալ: Համապատասխան գերատեսչությունները ներկայացրել են, որ հարկի նոր ձևը լրացվում է ինքնաշխատ, սակայն ըստ քաղաքացու՝ այն իրականությանը չի համապատասխանում: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ Ֆինանսների նախարարությանը և ՊԵԿ-ին, պատասխան տրամադրել՝ Կառավարության հաջորդ նիստին այն հրապարակելու նպատակով:
 
Կառավարությունը հաստատել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։
 
Որոշման նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։ 
 
Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40 000 դրամ՝ գումարած 10 000-ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2-րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55 000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50 % բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15 000 դրամից։
 
 Հաստատվել է մշակութային արժեքների
կրկնակի փորձաքննության կարգը
 
Գործադիրը հաստատել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը: Հիմնավորման համաձայն՝ մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության իրավական դաշտը  ամբողջապես կարգավորված չէ: Ներկայում մշակութային արժեքների արտահանման դեպքում լիազորված պետական մարմինը իրավասություն չունի պահանջելու մշակութային արժեքի կրկնակի փորձաքննություն: Այս հանգամանքով պայմանավորված, երբեմն շրջանառվում են մշակութային արժեքների փորձագիտական եզրակացություններ, որոնք տրված են ոչ բնօրինակ ստեղծագործությունների համար: Առաջարկվող նոր իրավական ակտով կբարեփոխվի մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը, որի արդյունքում նաև կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Ըստ այդմ՝  մշակութային արժեքի կեղծ և սկզբնական փորձաքննության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում լիազորված պետական մարմինը իրավասու կլինի պահանջելու կրկնակի փորձաքննություն: Արդյունքում՝ կկանխարգելվի արտահանման համար ներկայացվող մշակութային արժեքների կեղծումը, ոչ հավաստի փորձագիտական եզրակացությունների շրջանառումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:  
 
Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը
 
Գործադիրը հաստատել է ՀՀ-ից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած  հեղինակների ցանկը: Որոշման ընդունմամբ  հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը: Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք ՀՀ-ից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից: