Կրությունն ու կրթական հաստատությունները՝ ուշադրության կենտրոնում

Այսօր կայացած հերթական նիստում Կառավարությունն անդրադարձել է կրթական հաստատությունների շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովման խնդրին։
 
Որոշում է ընդունվել վերաբաշխման միջոցով ավելի քան 525 մլն դրամ հատկացնել թվով 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, թվով 1 դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազիֆիկացման աշխատանքների ձեռքբերման համար,  ինչպես նաև նորոգման ընթացքում գտնվող թվով 21 դպրոցի համար հեղինակային հսկողության գումարի ապահովման համար։
 
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է.  
 
- Մենք ուզում ենք հիմնանորոգման ենթակա դպրոցներ գտնել, և պրոբլեմ է, որովհետև դպրոցների մեծ մասում մասնագետներն առնվազն խորհուրդ են տալիս, որ միջնաժամկետում ավելի ճիշտ է, որ այս շենք ուղղակի քանդել, նորը կառուցել:
 
Կկարգավորվի տնօրեն դառնալու բազմակի փորձ կատարած և հաջողություն չգրանցած հավակնորդների դիմելու հարցը 
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ 2023 թ.-ից մեկնարկած տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Մասնավորապես՝ հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին:
 
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  պետք է քաղաքական արձանագրում անել՝ փորձի վրա հիմնվելով. ՀՀ-ում, ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։ Վարչապետը  թվարկել է այդ ոլորտները՝ կրթական, իրավական, համայնքային և այլն: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև իշխանությանն ուղղված քննադատությանը՝ սխալ կադրային քաղաքականություն վարելու վերաբերյալ. 
 
- Այո՛, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է:
 
Անդրադառնալով որոշմանը՝  վարչապետը ԿԳՄՍ նախարարին առաջարկել է տնօրենի հավակնորդների համար նախապատրաստական դասընթացներ անցկացնել. 
 
- Այսինքն՝ ոչ մեկին թույլ չտանք տնօրենի մրցույթին մասնակցի, մինչև նա չգնա, չսովորի, չավարտի և սերտիֆիկատ չստանա: 
 
Հստակեցվել է նաև նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար պահանջ հանդիսացող հիվանդությունների ցանկը։
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու նպատակով: Օրենքի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա։ Ըստ այդմ,  վերանայված ցանկով մասնավորապես, առաջարկվում է՝ հստակեցնել սրտային անբավարարության, Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններով, նորագոյացություններով  հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքերը, երբ  օրենքի կիրառմամբ միանվագ կվերադարձվեն կուտակային հատկացումները։
 
Օրենսդրական նախաձեռնություն. առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերի համար նախատեսված պատիժները
 
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի և 462-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով նախատեսված պատիժները: Ըստ հիմնավորման՝ ներկայում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճը (2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ) վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տուգանք պատժատեսակի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված՝ «առավելագույնը երկու տարի» ժամկետը փոխարինել «մեկից երեք տարի» ժամկետով: