Տրանսպորտային խնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել և որոշումներ են կայացվել նաև տրանսպորտային խնդիրներին։
 
 
Կսահմանվի ավելի խիստ պատիժ տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար
 
Հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Այն անմիջականորեն կապված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, այնպես էլ՝ այն հանգամանքի հետ, որ նման գողություններ կատարելն ավելի դյուրին է, իսկ պատասխանատվությունը համապատասխանում է ոչ մեծ ծանրության հանցատեսակի համար սահմանված պատժատեսակներին։
 
Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցների  բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար անձը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, որի պարագայում դատարանները, հաճախ հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրության լինելու հանգամանքը, կալանավորումը որպես խափանման միջոց հազվադեպ են կիրառում, իսկ պատիժներն էլ սահմանվում են ըստ այդմ։ Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում է դրսևորել հակաիրավական վարքագիծ, շարունակում է տրանսպորտային միջոցներից կատարել գողություններ։ Այդ  հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար, առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել լրացում։
 
Նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը (տրանսպորտային միջոցի դրսի կողմից կատարված) դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն, և օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով  կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայումս լայն տարածում ստացած հանցատեսակի աճը։
 
Կսահմանվի վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար
 
Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է կանոնակարգել և հստակեցնել համայնքների տարածքում ներհամայնքային ուղևորափոխադրումները հետ կապված հարաբերությունները և սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար:
 
Ըստ հիմնավորման՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները և պայմանները: Նշված կարգավորումների համաձայն համայնքի կողմից ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին:
 
Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է, որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Բացի այդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի և վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման և գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:
 
Միաժամանակ հաշվի առնելով, որ Երևան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել հնարավորություն մեկ միասնական տեղական վճար սահմանելու համար, ինչը հնարավորություն կտա նաև քաղաքացիներին վճարելով մեկ անգամ, օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ իրենց հայեցողությամբ, արդյունքում՝ փոխադրվել առավել հարմարավետ և արագ:
 
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաև առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար գործուն մեխանիզմներ: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, որը սահմանված կարգով կներկայացվի  Ազգային ժողով: