«Անշարժ գույքի հարկման հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու»

Այսօր կայացած հերթական նիստում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ
անշարժ գույքի հարկման հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու, որովհետև դրանով ստիպում ենք, որ համայնքը զարգանա։
 
Գործադիրն առաջարկություն է ներկայացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը։ ՀՀ Կառավարության առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ: 
 
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝  օրինագծով  առաջարկվում է սահմանել, որ  ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված  2025 թվականի համար 75 տոկոսի չափով և 2026 թվականի և հետագա տարիների համար 100 տոկոսի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով: Երկրորդը՝ մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 2025 թվականի տարվա և հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է հարկի գումարի 75 տոկոսի չափով։ Նախարարը նշել է, որ օրինագծի հիմնավորման համաձայն՝ արդեն իսկ հարկվում են նաև ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք մինչ այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն։ Բացի այդ, նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեցտարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ: 
 
- Այսինքն՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը,- ասել է Վահե Հովհաննիսյանը և ներկայացրել մի շարք հանգամանքներ։ 
 
Ֆինանսների նախարարը նաև նշել է, որ ընտրվել են հարկման իմաստով հնարավորինս արդար և համաչափ հարկում ապահովող տարբերակները: 
 
- Մեր կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 մլն դրամ արժեք ունեցող բնակարանները և անհատական բնակելի տները կազմում եմ բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85 տոկոսը: Այս խմբի գույքային միավորների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումը էական չէ, և կարող է կազմել շուրջ 20 հազար դրամ: 25-200 մլն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11 տոկոս: Այս խմբի մասով հարկի միջին աճը կազմում է 50 հազար դրամ. սրանք տարեկան ցուցանիշներն են,- ասել է Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախագծի ընդունումը շատ փոքր ազդեցություն կարող է ունենալ հարկային բեռի վրա: Ըստ այդմ՝ նշվել է, որ որոշման նախագիծն ընդունելի չէ:
 
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անշարժ գույքի հարկման շատ բարդ և կարևոր որոշում է Կառավարությունը կայացրել և ընդունել: Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է արձանագրել, թե ինչի է բերել այդ որոշումը.  պետբյուջեն անշարժ գույքի հարկի գումարից զրո եկամուտ է ստանում, այդ հարկվող գումարները ստանում են համայնքները: Եվ անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում համայնքների սեփական եկամուտները 2019-ից կրկնապատկվել են և ՏԻՄ-երը կարողանում են համայնքներում առկա ավելի շատ խնդիրներ լուծել: 
 
- Միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ պրոբլեմն է, որ մեր երկրում չկա: Ընդհանուր սեփականության զգացողություն չկա, որովհետև՝ կարող ես ունենալ տուն, և այդ տան շեմից այն կողմ, ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ-որ իմաստով դա ճիշտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդ հոգսի տակ մտնել, հետևաբար այդ հոգսը լուծվում է այսպես՝  տեղական ինքնակառավարման մարմիններով այդ գումարը գեներացնելով,- ասել է վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ գույքահարկի այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայնքների ղեկավարները: 
 
- Վերջերս ընդունեցինք կարևոր մեխանիզմ, դա մասնակցային բյուջեն է, երբ համայնքի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել՝ ուզում ենք, որ մեր գույքահարկը ծախսվի կոնկրետ խնդիրը լուծելու վրա։ Ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, կներեք, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ,- ասել է վարչապետը։
 
- Ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չէ, մենք այս որոշումը կայացրել ենք և պինդ կանգնելու ենք այս որոշման վրա: Կներեք, բայց այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, որ համայնքն ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետն անդրադարձել է նաև  աճուրդների անցկացմանը և նշել, որ այստեղ առկա են մի շարք խնդիրներ և որ դրանք հիմնականում ձևական են:
 
- Իրականում աճուրդը աճուրդ չէ, դրա մասին շատ նեղ թվով մարդիկ ենք իմանում: Աճուրդների հիմնական հատվածը ֆիկտիվ է: Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և մենք նույնիսկ դրանից տեղյակ չենք լինում: Այստեղ պետք է հրատապ որոշումներ կայացնել
 
Ոլորտի խնդիրները լուծելու համար ՀՀ գլխավոր դատախազն առաջարկներ է ներկայացրել: Առաջինը վերաբերում է վաճառքն աճուրդով և շուկայական գնով կազմակերպելուն: Երկրորդ առաջարկը վերաբերում է աճուրդի անցկացմանը.
 
- Պետք է փոփոխություն անել և ռեալ ապահովել հանրայնությունը, որովհետև ձևական մի քանի հարթակում հայտարարություն տալով՝ կարողանում են համարել հրապարակայնությունն ապահովված: Այս առումով ունենք խնդիր, և դա համայնքների պարտականությունն է, ոչ թե Կառավարության: Եվ մեր առաջարկն է նաև, որ որոշակի կարգի հողեր թողնել անօտարելի, որովհետև մենք ունենք իրավիճակներ, երբ արոտավայրի վրա մի ամբողջ այգի է կառուցված, բայց հողի կատեգորիան արոտավայր է՝ շատ փոքր, չնչին վարձավճարներով: Մեզ համար նաև վարույթի շրջանակում հետաքրքրում է այն, թե ոնց է այդ այգին այդ արոտավայրի վրա կառուցվել
 
Նիկոլ Փաշինյանը համապատասխան  մարմիններին հանձնարարել է՝ վերահսկել և արգելել ձևական աճուրդների անցկացումը: Հարցը վարչապետը համարել է հրատապ և առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ: Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև մարզպետներին. «Հարցը հատուկ ուշադրության կենտրոնում պահեք»:
 
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է. Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել օրինագծի վերաբերյալ
 
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:  Օրինագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը: 
 
Կառավարության առաջարկության համաձայն, մասնավորապես՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի զարգացմանը՝ մասնավորապես, հաշվի առնելով այն, որ հայտարարագիր ներկայացնելով ֆիզիկական անձինք տեղեկանալու են իրենց անվանական եկամուտների, դրանցից պահված հարկերի վերաբերյալ։ Ըստ Կառավարության՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։ Կառավարության առաջարկությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ: