Կառավարության հերթական նիստում

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունվել են մի շարք որոշումներ։ Դրանցից մեկով 
նախատեսվում է ՀՀ 2025թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,593,349.2 հազար դրամի չափով: Որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ինչպես նաև ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման համար։
 
 
Փոփոխություններ են կատարվել «Ակադեմիական քաղաք»
ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում
 
Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում: Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1516-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1535-Ա և ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1645-Ա որոշումներում՝ նշելով, որ 2025 թվականից սկսած վճարումներն իրականացվելու են 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի համապատասխան միջոցառումներով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում։
 
Որոշման ընդունումը հնարավորություն կտա վերը նշված ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված վճարումներն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» բյուջետային նոր ծրագրի համապատասխան միջոցառումներով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում: 
 
Կապահովվի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական
վիճակի պաշտպանությունը
 
Գործադիրը հաստատել է թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը: «Թանգարանների հավաքածուներից թանգարանային առարկաները և հավաքածուները Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչը նաև հնարավորություն կտա գիտնականներին և հետազոտողներին գիտահետազոտական, գիտական ուսումնասիրությունների համար գտնելու կարևոր աղբյուրներ: Բացառիկ կարևորության առարկաները կարող են լինել գիտական հետազոտությունների հիմք՝ նոր տեղեկություններ հաղորդելով պատմության, արվեստի, տեխնոլոգիաների, բնական գիտությունների կամ մշակույթի տարբեր ոլորտների մասին։ 
 
Սույն իրավական ակտով կապահովվի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային առարկաների և հավաքածուների ֆիզիկական վիճակի պաշտպանությունը՝ կիրառելով լավագույն մասնագիտական միջոցները: Կբարձրանա թանգարանների միջազգային ճանաչումը, ինչն էլ կնպաստի զբոսաշրջության աճին և որպես մշակութային, գիտական կենտրոն կամրապնդվի թանգարանի դերը։ Առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուի ցուցակի կազմման գործընթացը կնպաստի մշակութային արժեքների արդյունավետ պահպանմանը, հանրահռչակմանը, կրթական նպատակներով օգտագործմանը և դրանց իրավական պաշտպանության ապահովմանը։
 
Կներդրվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ
 
Կառավարությունը որոշում է կայացրել, որով առաջարկվում է ներդնել դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Ներկայումս բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ: Որոշմամբ նախատեսվում է գործող օրենսդրության պայմաններին զուգահեռ փորձարարական եղանակով կիրառել նաև սիրտ-անոթային դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Որոշման ընդունմամբ նախատեսվում է, որ անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող շահառուները կստանան հնարավորություն անմիջականորեն դեղատնից ձեռք բերել իրենց կողմից ընտրված և անհատապես իրենց հարմար սիրտ-անոթային հիվանդությունների բուժման կամ շարունակական պահպանման դեղերը: