Մրցակցություն, միասնություն և եղբայրություն՝ Համահայկական ձմեռային խաղերին․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել.
- Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան լուսավոր մի տոնի կվերածվի Ձմեռային երկրորդ խաղերը, որովհետև բացման խոսքի ընթացքում ասացի, թե որքան դժվար տրվեց մեզ այդ որոշումը: Բայց, կարծում եմ, երբ երկու տարի առաջ այդ որոշումը կայացնում էինք, մենք հաջողեցինք: Հաջողեցինք, որովհետև բոլոր խաղերին մենք տեսանք մրցակցություն, բոլոր խաղերին մենք տեսանք միասնություն, բոլոր խաղերին մենք տեսանք եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է, որովհետև գիտեք, որ Հայաստանը հատկապես վերջին տարիներին և առաջիկա տարիներին մարզական մեծ միջոցառումներ է հյուրընկալելու,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ 2027թ. Հայաստանը հյուրընկալելու է Համահայկական խաղերը, Ֆրանկոֆոնիայի խաղերը և մի շարք այլ մեծ միջոցառումներ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Վայոց Ձորի, հատկապես՝ Ջերմուկ քաղաքի հայրենակիցներին այս հյուրընկալության համար:
- Կարծում եմ, որ Ջերմուկը մի նոր տիտղոս ստացավ, և Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, այնպես՝ ինչպես օլիմպիական քաղաքներն են հիշում,-իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունյանը: