Վաշինգտոնյան հանդիպումներ

ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետի, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ։
 
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանի հետ:   
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանությանը և առկա հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այս հարցերում պետական օժանդակության նշանակությունը։ 
 
 Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը միտված քայլերի շուրջ:   
 
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Nahigian Strategies» կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանին: Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: 
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում կարևորվել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականության հետևողական իրականացումը: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:  Քննարկվել են Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու առաջմղմանը վերաբերող հարցեր: 
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հնարավորություններ է բացում երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ և հույս հայտնել, որ համագումարը կշարունակի ջանքերը` միտված տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմանը: 
 
 Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրական Հայաստանի գաղափարախոսության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման շուրջ: