Ինչպես օլիմպիական, այնպես էլ համահայկական խաղերում ամենակարևորը մասնակցությունն է
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
- Երբ երկու տարի առաջ որոշում էինք կայացնում Ջերմուկում անցկացնել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը, մենք ոչ միանշանակ իրավիճակում էինք, բայց վստահ էինք, որ, չնայած դժվարություններին, կարող ենք անցկացնել այս տոնը Ջերմուկում: Եվ բացման արարողությունը ցույց տվեց, որ մենք կազմակերպել ենք այդ տոնը ջերմուկցիների համար, Վայոց ձորի մեր հայրենակիցների համար, ՀՀ մեր քաղաքացիների համար, աշխարհի բոլոր ծայրերից այստեղ ժամանած մեր հայրենակիցների համար:
Սիրելի հայեր, առաջիկա օրերին մեր մարզիկները տարբեր մարզաձևերում մրցելու են մեր հայության մեջ տվյալ մարզաձևերում լավագույնը ճանաչվելու համար: Բայց ես կարծում եմ, և շքերթն էլ ցույց տվեց, որ ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է: Նորից շնորհավորում եմ բոլորիս այս տոնի առիթով և հրավիրում եմ բոլորիդ առաջիկա յոթ օրերին ակտիվ մասնակցություն ունենալ խաղերին:
Մինչև փետրվարի 7-ը Ջերմուկում անցկացվող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ: Խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: