Այսօր՝ ՀՀ կառավարության նիստում

Այսօր տեղի ունեցած հերթական նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի համատեքստում առկա են մի շարք  հիմնական գերակայություններ: Մասնավորապես՝ սոցիալական աջակցության հասցեականության ու արդյունավետության բարձրացում, վարչական տվյալների շտեմարանների բարելավում և փոխգործելիության ապահովում և այլն:
 
Գործադիրը դրական դիրքորոշում է  արտահայտել նաև «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ  
 
Կառավարությունը առաջարկություններ և դրական դիրքորոշում է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: 
 
Երկարաձգվել է անկանխիկ եղանակով վճարումներից
հետվճարի համակարգի իրականացման ժամկետը 
 
Կառավարությունն ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի հստակեցնելու, իրականացման ժամկետները երկարաձգելու նպատակով: Ըստ այդմ՝ հետվճարի համակարգը կգործի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ՝  անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը շարունակվելու է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը կատարած անկանխիկ գործառնությունների համար),  «կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ) և այդ բանկային հաշվին առկա դրամական միջոցներով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ամսին ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք և կենսաթոշակի վճարման եղանակը եղել է անկանխիկ»: Հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է: Սահմանվել է նաև, որ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հետվճարը հաշվարկվում է այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը: 
 
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրը մեկնարկել է 2022-ի հուլիսից, և այս տարիների ընթացքում  աճել են թե՛ գործարքների ծավալները, թե՛ շահառուների թիվը. «Եթե ներկայացնենք մեկնարկի պահից թվային ցուցանիշները, ապա կարող եմ ասել, որ զրոյական մակարդակից անկանխիկի ընդհանուր ծավալը հասել է 171,7 մլրդ դրամի, իսկ այս ընթացքում մեր հայրենակիցներին վերադարձրել ենք 15,2 մլրդ դրամ: Շահառուների թիվը մեկնարկի պահին 16 հազար էր առաջին ամիսը, 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ունեինք շուրջ 278 հազար շահառու: Ակնկալում ենք, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք կհատենք 300 հազարի շեմը: Մեկ շահառուի գծով հաշվարկված ամսական գումարը 2022-ի դեկտեմբերին կազմել էր 3079 դրամ, 2023 թվականին այդ արժեքը 3400 էր, իսկ 2024-ի նոյեմբերին՝ արդեն 4190 դրամ: Նոյեմբերի տվյալներով՝ շահառուների ավելի քան 48 տոկոսն իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով»:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել է, որ այն  Կառավարության հաջողված որոշումներից մեկն է, ինչի մասին փաստում են  թվերը: «Մենք 4000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք: Բայց ասում են՝ այդպես էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակն ավելանում է: Եվ կարող է հետագայում՝ թոշակների հետ կապված որոշումներ կայացնելիս, պետք է ոչ թե  ասենք, որ մենք բազային թոշակը բարձրացնում ենք 5000 դրամով, այլ ասենք՝ անկանխիկ առևտրից հետվճարը բարձրացնում ենք, 12-ից դարձնում ենք 15, 15-ից դարձնում ենք 17, 17-ից դարձնում ենք 20: Կարծում եմ՝ ոչ մի անազնիվ բան չկա սրա մեջ»,- ասել է վարչապետը  և հավելել, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022-ին նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան պարենային զամբյուղը:
 
 
Հաստատվել են Թանգարանների հավատարմագրման
կարգն ու չափորոշիչները
 
Կառավարությունը հաստատել է Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները: Որոշման  նպատակն է մասնավոր կամ համայնքային նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները «թանգարան» հասկացությանը չափորոշիչներին լիարժեք համապատասխանեցնելը, դրանց հավատարմագրման միջոցով՝ նպաստել մշակութային կյանքի ապակենտրոնացմանը և աշխուժացմանը: Արդյունքում՝ կապահովվի թանգարաններին կարգավիճակ տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
 
Կառավարությունը սահմանել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման պայմանները, հաշվարկման և հատկացվող գումարի առավելագույն չափի որոշման կարգը: Արդյունքում՝ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: