Ի թիվս այլ որոշումների

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր տեղի ունեցած ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը։
 
Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը:
 
Առաջարկվում է շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։
 
Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ: 
 
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,  բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է. 
 
- Հենց սա էլ ստիպել է մտածել այս նախագծի մասին՝  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու: Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ: Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը: 
 
Ըստ նախարարի՝ շահառուների խմբի 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝   գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: 
 
- Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն: Սա արդեն իրականացման փուլում կքննարկենք, - ասել է նախարարը:
 
Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026 թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: 
 
- Սա վարկերի ներում չէ, այլ մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ իրենց աշխատանքի միջոցով, իրենց աշխատավարձի եկամտահարկով և նաև որոշակի ընդառաջումներով պետք է կարողանան մարել իրենց վարկը: Եվ կարևորը նախապայմանը՝ ֆորմալ զբաղվածությունն է, այսինքն՝ առանց աշխատանքի իրենք չեն կարող դառնալ այս համակարգի շահառու,- ասել է նախարարը: 
 
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր որոշում է, սակայն հայեցակարգային խնդիր կա: 
 
- Վերջին շրջանում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ֆունդամենտալ խնդիրներից մեկը փողի հետ մեր հարաբերությունների հարցն է և՛ պետական, և՛ անհատական առումով: Այս հարաբերություններում շատ խոր պրոբլեմներ կան մեր հանրության մեջ,- ասել է Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել, որ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկը վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն:
Այս առումով, ըստ վարչապետի, ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ:
 
Մի շարք համայնքներում մանկապարտեզներ և դպրոց կկառուցվի
 
Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ՝ մանկապարտեզ և դպրոց կառուցելու նպատակով: 
 
Այսպիսով՝ մանկապարտեզներ կկառուցվեն   Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Նորավանում, գյուղ Լենուղիում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում,  դպրոց կկառուցվի Արմավիրի մարզի Խոյ համայնքում: 
 
Հերթական գումարն է հատկացվել  մի շարք դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը
 
Կառավարությունը վերաբաշխում է 2024թ.-ի պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում՝  2,418,945 հազար դրամի չափով: Գումարը կուղղվի մի շարք դպրոցների և կրթահամալիրների կառուցմանը: Այսպիսով, այն վերաբերում է 19 հաստատության, որոնցից 13-ի համար (6 դպրոց և 7 կրթահամալիր) հատկացվում են լրացուցիչ միջոցներ շինարարության և տեխնիկական հսկողության մասով, իսկ 6-ի համար (3 դպրոց և 3 կրթահամալիր) հատկացվում է միայն տեխնիկական հսկողության գումարը։ Այդ հաստատություններն են՝ Արագածոտնի մարզի գ. Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի գ. Ջրառատի Թ.Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց, գ. Վանանդի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գողթ բնակավայրի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի ք. Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի գ. Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Վերիշենի միջնակարգ դպրոց, ք. Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, Սյունիքի մարզի գ․ Իշխանասարի միջնակարգ դպրոց,  Արարատի մարզի գ. Պարույր Սևակի կրթահամալիր, Գեղարքունիքի մարզի գ. Մադինայի  կրթահամալիր, Լոռու մարզի գ․ Գարգառի կրթահամալիր,  Շիրակի մարզի գ. Քեթիի, գ․ Բյուրակնի կրթահամալիրները, Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկի, գ. Խնածախի, գ․ Ակների կրթահամալիր, Տեղի թիվ 2  կրթահամալիրներ, Տավուշի մարզի գ. Լուսաձորի կրթահամալիր: 
 
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը: Այսպիսով, որոշմամբ  կարգավորվում են մի շարք խնդիրներ՝ կապված թվով 15 կրթական (2 դպրոց, 2 մանկապարտեզ, 9 նախակրթարան, 2 ուսումնարան), 5 մշակութային (3 հուշարձան, 1 թանգարան, 1 համերգային), 1 մարզական (մարզադպրոց) հաստատության շենքային պայմանների բարելավման, ենթակառուցվածքների արդիականացման և գույքային հագեցվածության ապահովման հետ։