Վարչապետ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։
 
Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։
 
Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։
 
Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
 
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը և վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին: