Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Այսօրվա հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝  կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին:
Վերլուծելով նախորդ տարիների փորձը, նախարարությունը հանգել է այն եզրակացության, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար: 
 
- Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: Այս մեխանիզմով կկարողանանք էապես կրճատել ժամանակը, որը ծախսվում էր, օրինակ, առաջադրանքները լուծելու, այնուհետև այդ առաջադրանքների պատասխանները ձևաթղթում անցկացնելու մասով, և այստեղ նաև չէին բացառվում տեխնիկական վրիպակները և անճշտությունները, որոնք գրանցվում էին: Սա ևս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչը լրացնելով թեստը, այն ավարտելուց հետո կտեսնի իր արձանագրած արդյունքները՝ որքան են ճիշտ կամ սխալ եղել։ 
 
Հստակեցվել է նաև բողոքարկման ընթացքը, ինչպես նաև այն, թե որ առարկաներից ուսուցիչները կարող են դիմել ատեստավորման: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահին դիմումների ընդունումն ավարտվել է: Շուրջ 6000 ուսուցիչ է դիմել՝ թե՛ ուսուցիչներ, թե՛ մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո աշխատանքի կանցնեն դպրոցներում: Նախատեսվում է՝ այս տարի ատեստավորման գործընթացը մեկնարկել նոյեմբերի 9-ից: Նախարարը կարևորել է՝  էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր թեստը, առաջադրանքները նույնական են, նույն բարդության, սակայն հարցերի հաջորդականությունը տարբեր է լինելու:
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և  հետաքրքրվել՝ այսուհետ թղթային տարբերակով ատեստավորում չի լինելո՞ւ: Ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ  ամբողջ հանրապետությունում՝ և՛ Երևանում են, և՛ մարզերում նախատեսվում է 35 քննական կենտրոն ունենալ: 
 
- Քանի որ սա առաջին տարին է, կարգում անհնարինության դեպքում թղթային տարբերակը չենք բացառել, սակայն նաև այս տարվա աշխատանքից հետո կհասկանանք՝ ինչքանով է անհրաժեշտ թղթային տարբերակը զուգահեռ պահել,- ասել է Ժաննա Անդրեասյանը: