Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ Կրեմլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 
 
- Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, բարեկամներ, 
 
Շատ ուրախ ենք ձեզ ողջունել Մոսկվայում` ԱՊՀ երկրների առաջնորդների աշխատանքի շրջանակում, անցկացնել երկկողմ հանդիպում: Հենց նոր առանձնազրույցի շրջանակում մենք Նիկոլ Վլադիմիրիի հետ քննարկեցինք ընթացիկ հարցերը, բայց նման ընդլայնված կազմով կա հնարավորություն խոսելու բոլոր սկզբունքային հարցերի շուրջ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն, և իհարկե՝ կարող ենք սկսել տնտեսական բնույթի հարցերից: 
 
Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են բավականին արդյունավետ, հաջող: Նախորդ տարի առևտրաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ` հասնելով 8,2 միլիարդ դոլարի: Եթե նման տեմպերով շարժվենք, ապա դա նշանակում է, որ այս տարվա առևտրաշրջանառությունը կարող է կազմել 14-16 միլիարդ դոլար: Դա ռեկորդային ցուցանիշ է: 
 
Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան առաջատար ներդրողն է` շուրջ 4 մլրդ դոլար են կազմել ներդրումները: Եվ ինչ տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովի և գործարար խորհրդի շրջանակում` տալիս է համապատասխան լավ արդյունք: Իհարկե, շատ կարևոր է հումանիտար համագործակցությունը, մենք այժմ մանրամասն այդ մասին կխոսենք, հարգելի Նիկոլ Վլադիմիրի, այստեղ մենք պետք է լրացնենք որոշ բաներ` կապված կրթական շրջանակի հետ: Այժմ մենք խոսքը կփոխանցենք մեր գործընկերներին և դա կքննարկենք մանրամասն: Եվս մեկ անգամ բարի գալուստ,- ողջույնի իր խոսքում նշել է ՌԴ նախագահը:     
 
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․
 
 - Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի: Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ: 
 
Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերել այդ քննարկումները և ուրախ եմ այդ հնարավորության համար: Շնորհակալություն: