Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին:
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը:
Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան:
Հոկտեմբերի 4-5-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը: