Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող  ծրագրերին:
 
Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է:  Ծրագրի իրականացման արդյունքում Փարաքար բնակավայրը կունենա նոր դպրոց` 576 աշակերտ նախագծային հզորությամբ։ Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում։ 
 
Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2022 թ. փետրվարին և ավարտվել 2023 թ. մարտին: Ծրագրի ընդհանուր արժեքը 250 մլն դրամ է: Սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: 
 
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Էջմիածին քաղաքում, որտեղ ներկայացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Ընդգծվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:  Գործադիրի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է ևս 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգվող մանկապարտեզը նախատեսված է 174 երեխայի համար։  
 
Այցի շրջանակում վարչապետին ներկայացվել է նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացված աշխատանքները: Հիմնանորոգվել է թանգարանային շենքի տանիք: Իրականացվել են թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Մուտքից մինչև թանգարանի տարածք սալիկապատվել են հետիոտնային մայթերը, կատարվել է նաև արտաքին լուսավորություն: Վերոնշյալ աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 86 մլն դրամ: Հաջորդ ծրագիրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներն են: Ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, իրականացվել է ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին: Ծրագրի արդյունքում Զվարթնոց տաճարի տարածքում գտնվող հնձանները կվերականգնվեն և ապակյա պաշտպանիչ կոնստրուկցիաներ կհավաքվեն: 
 
Ակնաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 291 մլն դրամ է: Արդյունքում բնակավայրը կունենա նոր կառուցված մանկապարտեզ, որտեղ կհաճախեն 50 երեխաներ։ 
 
Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի արդյունքում կկառուցվի 12542 գծմ գազատար և համայնքը կունենա ամբողջությամբ գազիֆիկացված երկու բնակավայր, 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:
 
Վարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարգարա» մաքսային կետում, որտեղ նրան ներկայացվել են մաքսակետի արդիականացման աշխատանքները և ստեղծված աշխատանքային պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։ 
 
Արմավիր քաղաքում Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին են ներկայացվել նաև կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան: