Վարչապետն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋև ԱՎԵԼԻ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի նախօրեին ընդունած բանաձևին:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
- Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը:
Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին:
Այս բանաձևով Եվրոպական խորհրդարանն արձանագրել է Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար:
Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն:
Ողջունելով Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա: Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը:
Միևնույն ժամանակ, պետք է արտահայտեմ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ: Շնորհակալություն: