Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:
 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, «Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հետազոտական թիմին՝ նշելով. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուի՝ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը պետության հետևողական քաղաքականության արդյունք է: Այն տարբեր գերատեսչությունների համակարգմամբ իրականացվող տևական աշխատանք է: Գործընթացի կարևոր մաս է մեծածավալ գիտահետազոտական աշխատանքը, որի ընթացքում հայտը պատշաճ նախապատրաստվում է՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»: 
 
Նախարարի խոսքով թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական ժառանգության հանրահռչակման, հատկապես միջազգային հարթակներում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում գրանցելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում: Նրա տեղեկացմամբ՝ գրանցվել է Գյումրու դարբնության ավանդույթը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն, մեկնարկել է Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրի,  Որոտան գետի կիրճի հուշարձանախմբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու գործընթացը:
 
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝  պետական բյուջեում առանձին տող է հատկացվել հայտերի պատրաստման համար: Հայտերի ցանկերը, որոնց շուրջ աշխատանքներ են իրականացվելու, արդեն հստակեցված են:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքով՝ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում: 
 
- Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի գլխավոր նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պաշտպանությանը և լայն տարածմանը: Մինչ այդ՝ նշված հեղինակավոր ցանկում իրենց արժանի տեղն են գտել Բյուրականի աստղադիտարանի առաջին հետազոտությունը, Մատենադարանի ձեռագրերի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հավաքածուները: Կոմիտասի ստեղծագործությունների գրանցումը Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում նախևառաջ տարիների համատեղ աշխատանքի արդյունք է:
 
Ըստ Վահան Կոստանյանի՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ևս ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2024-2025 թթ. Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում:
 
«Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրություն
 
Որպես թանգարանի ձեռքբերում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը:
 
- Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս Վարդապետի՝ Կ. Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը և ֆիսհարմոնը, անձնական այլ իրեր։ Վիրտուալ շրջայցը հագեցած է ինտերակտիվ բաղադրիչով, ամբողջ ընթացքն ուղեկցվում է Կոմիտասի մասին պատմող տեղեկատվական նյութով, որում հնչում է նաև Կոմիտասի ձայնը։ Մոդելավորումը կատարվել է Կոմիտասի սան Արամ Աստվածատրյանի ձեռքով պատրաստված մանրակերտի հիման վրա: Վերջինս երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում: 2019 թ. Կոմպոզիտորների միությունը մանրակերտը փոխանցել է թանգարանին,- ասել է Նիկոլայ Կոստանդյանը: