Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:
 
Որոշման ընդունմամբ կապահովվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության գործընթացները, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն առաջնային և կարևորագույն խնդիրներից է նշված ոլորտներում պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար: 
 
Ըստ այդմ՝ որոշմամբ 223 մլն 101 հազար դրամ կուղղվի հաստատությունների շինարարական աշխատանքների իրականացմանը, որից 50 մլն կտրամադրվի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համար օդափոխության համակարգի փոխարինմանը: Որոշմամբ հատկացվող գումարների շրջանակում կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ՝ ջեռուցում, տանիք, պատուհաններ, օդափոխության համակարգ, սանհանգույցներ։
 
76 մլն 150 հազար դրամ կուղղվի հաստատությունների գույքի ձեռքբերմանը, որից շուրջ 50 մլն դրամ կտրամադրվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Փելեշյանի անվան տաղավարի գույքի և տեխնիկայի, իսկ շուրջ 14 մլն դրամ՝ Երևանի կամերային պետական թատրոնի  համար ձայնային տեխնիկայի գնմանը:
 
Վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 193.2 մլն դրամ, մշակույթի ոլորտին՝ 72.8 մլն դրամ գումար։ Որոշմամբ նախատեսվող հատկացումների շրջանակում առկա են նաև անվանի դիրիժոր և երգահան Հովհաննես Չեքիջյանի աշխատասենյակի, ինչպես նաև հայտնի ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի անվան տաղավարի գույքով ապահովման ծախսեր։