«Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը». վարչապետ

Նախքան Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, հումանիտար բեռների հասցեագրման առաջնահերթությանը, Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարի առաջ մղման անհրաժեշտությանը:  
 
Դիմելով նիստի մասնակիցներին և ժողովրդին, վարչապետը,
մասնավորապես, նշել է.
 
- Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում` Լաչինի միջանցքի մոտակայքում, Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս 10-ը: Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունն ուղեկցեց մինչև Կոռնիձոր: Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: 
 
Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այդ քաղաքականության հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքն ազատել հայերից:
 
Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է՝ Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը:
 
Ցեղասպանության և հայերանազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում միջազգային հանրության աչքի առաջ: 
 
Այսուհանդերձ, ինչպես նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով:
 
Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է: Հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը: 
 
Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել: Այդ ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները: Այդ որոշումներով դատարանն Ադրբեջանին պարտավորցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ուշադրություն եմ հրավիրում դատարանի այս ձևակերպման վրա՝ «երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»: 
 
Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Այս որոշման բացահայտ արհամարհումn Ադրբեջանի կողմից այդ երկրի՝ հայրենազրկման  քաղաքականության բացահայտ դրսևորում է, որովհետև նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկությունն իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումն է: 
 
Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև հատկապես հիմա դա բացարձակ անհրաժեշտություն է:
 
Իհարկե, բոլոր առումներով առաջանահերթություն և առաջնային խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռների հասցեագրումը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը Լեռնային Ղարաբաղ, և այս թեմայով մենք կշարունակենք մեր ամենօրյա աշխատանքը: