Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ  ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: 
 
Քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներկայացված առաջարկությունները: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել միջոցառումների ձևաչափերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ  հարցերի շուրջ:
 
Հանձնաժողովի նիստին ներկայացվել է նաև «Ազնավուր» հիմնադրամի հոբելյանական միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, այն մշակվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններրի, մշակութային տարբեր կազմակերպությունների, հանրային կառույցների, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների հետ սերտ համագործակցության արդյունքում: Նշվել է,  որ հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին և արվելու է հնարավորը՝  ողջ տարվա ընթացքում  Ազնավուրի արվեստի շունչը զգալու համար: 
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ պաստառների տպագրություն, համերգներ, թատերական ներկայացում,  փոստային նամականիշների մարում, գրքի տպագրություն, ֆիլմերի ցուցադրություն, ձայնագրություններ, լուսանկարների ցուցադրություն և այլն: Նշվել է նաև, որ  ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու հարցում:  
 
Արայիկ Հարությունյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին սահուն, հարթ և պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Այդ համատեքստում Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների հետևողական, արդյունավետ, համակարգված աշխատանքը: