«Շնորհավորում եմ բոլորիս»
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
․․․ Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդն իր պատմության մեջ առաջին անգամ կառավարման հանրապետական կարգով պետություն ստեղծեց: Առաջին անգամ մեր իրականության մեջ ստեղծվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Այս դարակազմիկ իրադարձությունը տեղի ունեցավ կայսրությունների փլուզման, նոր կայսրության եւ աշխարհակարգի ձեւավորման պայմաններում, երբ մեր ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում կարողացավ ապացուցել ապրելու իր իրավունքը:
Բայց Առաջին Հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, նաեւ այն պատճառով, որ հաղթելով գոյամարտում, հռչակելով պետություն՝ մենք անկախ պետությունում ապրելու մեր տեսլականը չհասցրեցինք ձեւակերպել, առաջին հանրապետությունում ապրելը չհասցրեցինք ինքներս մեզ համար դարձնել հարմարավետ եւ շահավետ:
Առաջին Հանրապետությունը չհասցրեց ինքն իրեն դիրքավորել որպես սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության ու երջանկության միջոց, որովհետեւ, ըստ էության, խաղաղության եւ ոչ մի օր չունեցավ իր գոյության ողջ ընթացքում: Սովը, ցեղասպանությունից մազապուրծ գաղթականությունը, ներքին խժդժությունները, տնտեսության, պետական ինստիտուտների, պետականության մշակույթի բազմադարյա բացակայությունը, արտաքին ազդեցությունը, պատերազմը՝ Առաջին Հանրապետության անկման պատճառ դարձան:
Սրանով, սակայն, Առաջին Հանրապետության դերն ամենեւին չի նսեմանում: Ավելի քան 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ, եւ առաջին անգամ ունեցավ Հանրապետություն եւ այդ Հանրապետության դասերն այսօր ահա մեր սեղանին են:
Այդ բազմաթիվ դասերից այսօր ուզում եմ ընդգծել միայն մեկը. Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ եւ շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՛ր պիտի լինեն եւ ոչ թե հեռավոր մի ապագայում եւ պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է եւ ոչ թե հետո:
Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո եւ կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է եւ հիմա է, եւ մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետեւ մեր հայրենիքը մեր պետությունն է:
Այդ պետությունը եւ՛ նպատակ է, եւ միջոց: Նպատակ է, որովհետեւ հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը, միջոց է, որովհետեւ հենց պետությունը կարող է լավագույնս արտահայտել իր հիմնադրի՝ ժողովրդի շահը: Իսկ այդ շահը պարտադրում է ունենալ անվտանգություն, բարեկեցություն եւ երջանկություն՝ մեր բազմաչարչար ժողովրդի համար, իսկ դա հնարավոր է՝ հարեւանների հետ կարգավորված հարաբերությունների պայմաններում, միայն ու միայն խաղաղության պայմաններում, մի բան, որ չունեցավ Առաջին Հանրապետությունը, մի բան, որ, ցավոք, դեռեւս չունի Երրորդ Հանրապետությունը:
Հենց այս է պատճառը, որ մենք որդեգրել եւ հետեւողական իրագործում ենք խաղաղության օրակարգը, որովհետեւ մեր բոլոր նահատակներն ընկել են հանուն սեփական ժողովրդի երջանկության եւ ոչ տառապանքի, ու բարեկեցիկ, զարգացած, ապրող ու անվտանգ Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությու՛նը, որ պիտի հավերժ խաղաղություն բերի մեր բոլոր նահատակների հոգիներին:
Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին:
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: