«Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև»
Հայ դիզայներները, ոգեշնչված Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող արվեստի նմուշներից, ստեղծել են նոր աշխատանքներ։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելիք՝ «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով բացառիկ ցուցահանդեսի բացմամամբ կազդարարվի Երևանի նորաձևության շաբաթվա պաշտոնական մեկնարկը։
Այս ցուցահանդեսը կդառնա հարթակ, որտեղ կհամադրվեն ժամանակակից նորաձևությունը, ստեղծարարությունը, վարպետությունը և կերպարվեստը՝ ներկայացնելով դինամիկ երկխոսություն մշակութային ինքնարտահայտման և միջազգային նորաձևության միտումների միջև։
Դիզայներները նախապես այցելել էին Ազգային պատկերասրահ, ուսումնասիրել ցուցանմուշները և դրանցից ոգեշնչվել՝ ստեղծելով նորաձևության յուրօրինակնմուշներ, որոնք կներկայացվեն հանրությանը։
Երևանի նորաձևության շաբաթը, որն ավանդաբար համախմբում է դիզայներների, արվեստագետների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և նորաձևության սիրահարների, այս տարի հատկապես ընդգծում է նորարարության և մշակութային ինքնության կարևորությունը։
Հատկանշական է, որ նմանօրինակ ցուցահանդեսներ արդեն իսկ իրականացվել են աշխարհի առաջատար թանգարաններում՝ Լուվրում, Մետրոպոլիտենում և այլուր։
Նորաձևությունը թանգարանային միջավայրում ներկայացվել է որպես արվեստի մեկնաբանության յուրօրինակ ձև, ինչի շնորհիվ այն վերածվել է մշակութային երկխոսության կարևոր գործիքի։
Նշենք, որ ցուցահանդեսը նախաձեռնել են Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը, Մշակույթի զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային պատկերասրահը։





