«Փրկությունն այսօր գիտելիքի և գիտության մեջ է»
Հոկտեմբերի 4-ին Մատենադարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը։ Միջոցառումը միավորել էր հարյուրից ավելի ունկնդիրների՝ լսելու արվեստի պատմաբան և քննադատ Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյին, ով հանդես եկավ իր «Tempi Moderni» («Արդի ժամանակներ») խորագրով բանախոսությամբ։
Բանախոսը Հայաստան էր ժամանել հիմնադրամի բարեկամ Վիգեն Ավետիսի հրավերով։ Նա նախկինում ևս մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում կայացած հանդիպումներին` որպես բանախոս։
Իսկ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, բանախոսության հետաքրքիր բովանդակությամբ և դրական արձագանքով պայմանավորված, Ֆրանչեսկոն կրկնեց իր բանախոսությունը․ այս անգամ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շուրջ 170 ուսանողների և դասախոսների համար։
Ֆրանչեսկո Գալլո Մացցեոյի՝ փիլիսոփայական խորությամբ ելույթում նշվում էր, որ մեր օրերում զարգացումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ պատրաստ ենք ընդունել և սովորել այն, ինչը երբեմն թվում է՝ անսպասելի, անտրամաբանական, աբստրակտ և անհասանելի:
Նրա խոսքով՝ «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսությունը լիովին համընկնում է իր բանախոսության թեմայի՝ «Արդի Ժամանակներ»-ի բովանդակության հետ։
- Փրկությունն այսօր գիտելիքի և գիտության մեջ է: Եթե նախկինում մարդիկ գիտելիքը կուտակում էին և տանում իրենց հետ որպես բեռ, ապա այսօր այն ձեռք են բերում քայլ առ քայլ՝ փոփոխություններին համահունչ, - նշեց ֆրանչեսկոն:
Բանախոսությանը հաջորդեց ակտիվ հարցուպատասխանի փուլը։ Լսարանը հետաքրքրված էր ինչպես օրվա թեմայով, այնպես էլ բանախոսի՝ Հայաստանից ունեցած տպավորություններով։ Ֆրանչեսկոն անկեղծությամբ նշեց, որ սիրում է Հայաստանը, վերջին տարիներին հաճախ է այցելում և բարձր է գնահատում այստեղի մարդկանց ու մշակույթը։





