«Վարպետի պատմասացության արվեստը՝ նաև բիզնես և մասնագիտական աճի ուղենիշ»

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ-ՄՐՑՈՒՅԹ՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏՈՒՄ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը և «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ներկայացնում են նոր, աննախադեպ նախագիծ՝ «Վարպետի պատմասացության արվեստը՝ բիզնես և մասնագիտական աճի ուղենիշ» խորագրով։ 
 
Նախագիծն իրականացվում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերի շրջանակում և նպատակ ունի ստեղծագործաբար վերաիմաստավորել մեծ գրողի գրական ժառանգությունը՝ այն  կիրառելով ժամանակակից բիզնես հասկացությունների վերլուծության և զարգացման համար։
 
Նախաձեռնությունը միավորում է մեծանուն գրողի գրական ժառանգությունն ու ժամանակակից բիզնեսի առաջատար գաղափարները՝ ստեղծելով յուրօրինակ հարթակ ստեղծագործական և մասնագիտական զարգացման համար։
Ծրագրի շրջանակում կկազմակերպվի ուսանողական մրցույթ, որի արդյունքում ընտրված էսսեները կընդգրկվեն հրատարակվող երկլեզու ձեռնարկում։ Այն կծառայի որպես ուսումնական գործիք բիզնես կրթության և մասնագիտական աճի ոլորտում՝ խթանելով ստեղծագործական մտածողությունը և գրականության ու բիզնեսի սիներգիան։
 
Ձեռնարկում ընդգրկվելու են նաև բիզնես ոլորտի մասնագետների, բիզնեսի սեփականատերերի, խորհրդատուների, մարդկային ռեսուրսների կառավարիչների, անձնային աճի մասնագետների և ուսանողների աշխատանքները, որոնք նորովի կվերաիմաստավորեն Վարպետի ստեղծագործությունները՝ անդրադառնալով առաջնորդության, ռազմավարության, թիմային դինամիկայի, սոցիալական պատասխանատվության և այլ կարևոր թեմաների, ձեռնարկը կլինի հայերեն և անգլերեն։
 
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները՝ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի հեքիաթների, առակների, լեգենդների, հումորային պատմությունների, կամ այլ ստեղծագործությունների հիման վրա գրված բնօրինակ էսսեներ։
 
Լավագույն երեք ուսանողներ կհաղթեն դրամական պարգևներ` 1-ին հորիզոնականը զբաղեցրած ուսանողը՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), 2-րդ հորիզոնականը զբաղեցրածը՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), 3-րդը՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։ 
 
Ընտրված լավագույն աշխատանքները կհրատարակվեն «Վարպետի բիզնեսի դասերը» նախնական վերնագրով ձեռնարկում։ Գիրքը կներառվի ՀՀ պետական մասնագիտական կրթական ծրագրերում, իսկ անգլերեն տարբերակը կներկայացվի միջազգային գրքի ցուցահանդեսներում։
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. հոկտեմբերի 13-ը։