«Yerevan Music Week» միջազգայինի երկրորդ մեկնարկը

Երևանը երկրորդ անգամ կընդունի «Yerevan Music Week» միջազգային երաժշտական փառատոն-համաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-23-ը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի շուրջ 70 երաժիշտների և բանախոսների աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով ինքնատիպ հարթակ երաժշտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության համար։
 
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մամուլի պատասխանատու Լուսինե Մնացականյանը, մեկշաբաթյա հագեցած ծրագրի ընթացքում նախատեսվում են շուրջ 35 միջոցառումներ, որոնց մեծ մասը կանցկացվեն ՀՊՖ-ի հինգ համերգային սրահներում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Ներքնահարկում, Գրադարանում, «Շուշիկի» սրահում և ճեմասրահներում։
 
Փառատոնի շրջանակներում կկայանան կենդանի համերգներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր և սեմինարներ, հնարավորություն կստեղծվի մասնագիտական նոր ծանոթությունների և համագործակցությունների համար։
 
Համերգային ծրագրերից բացի, նախատեսվում են թեմատիկ քննարկումներ՝ նվիրված միջազգային փառատոնների դերին, համերգասրահներին և երաժշտական քաղաքների նշանակությանը, ինչպես նաև կանցկացվեն վարպետության դասեր՝ ներկայացնելու երաժիշտների համար գրագետ պորտֆոլիո ստեղծելու և երաժշտական մենեջեր դառնալու գաղտնիքները։
 
«Yerevan Music Week»-ին կմասնակցեն Շվեցարիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Թուրքիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից հյուրեկ արտիստներ ու բանախոսներ՝ Երևանը դարձնելով միջազգային մշակութային յուրահատուկ կենտրոն։
 
«Yerevan Music Week»-ը կարևոր կամուրջ է միջազգային գործընկերների և տեղի մասնագետների միջև՝ հնարավորություն ընձեռելով նոր կապեր հաստատելու, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման համար։
 
Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ, որը հանդիսանում է «Yerevan Music Week 2025»-ի պաշտոնական գործընկերը։ *Yerevan Music Week-ն ընդգրկված է Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) փառատոնների ցանկում և նրանց կողմից ստացել է EFFE Label (Remarkable Arts Festival), որը եվրոպական տարածաշրջանի երաժշտական ասպարեզում շնորհվող որակի նշան է և տրվում է այն փառատոներին, որոնք խիստ արվեստամետ են, առանձնանում են տարբեր համայնքներին իրենց շուրջ համախմբելու կարողությամբ և բաց են միջազգային համագործակցության համար։
 
«Yerevan Music Week»-ի փակման համերգը նվիրված է Eurpean Folk Day-ին, և սեպտեմբերի 23-ին Լյուսի Խանյանի մասնակցությամբ կայանալիք համերգը ներառված է Եվրոպական ֆոլկ օրերի միջոցառումների շարքում։