Եզրագիծը հատեց «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը
Երևանում երրորդ անգամ անցկացված «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը
հատեց եզրագիծը: Այն կրկին Հայաստան էր բերել տարբեր երկրներից ժամանած
առաջատար ճարտարապետական ստուդիաների։
- Այս տարվա փառատոնը մեծ հաջողությամբ անցավ՝ ներգրավելով հարյուրավոր մասնակիցների և ձևավորելով կենդանի երկխոսություն միջազգային ստուդիաների և Հայաստանի ճարտարապետական համայնքի միջև։ Այս հաջողության հիման վրա մենք առավել քան երբևէ վստահ եղանք, որ «Նպատակ»-ը կարող է զարգանալ որպես կայուն հարթակ, որը միավորում է կրթությունը, փորձի փոխանակումը և նորարարական մոտեցումները։ Մեր նախաձեռնությունը ոչ միայն նպաստեց ճարտարապետական կրթության զարգացմանը, այլև օգնեց հայ երիտասարդ ճարտարապետներին գտնել իրենց տեղը միջազգային հարթակներում և բարձրացնել հայկական ճարտարապետության մրցունակությունը համաշխարհային համատեքստում։ «Նպատակ»-ի ուժը հենց այդ կամուրջ կառուցելու կարողության մեջ էր՝ Հայաստանի և աշխարհի առաջատար ստուդիաների միջև,- ընդգծեցին «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի հիմնադիրները՝ կարևորելով փառատոնի անցկացումը։
Հիշեցնենք, որ «Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: Այն հարթակ է, որի նպատակն է զարգացնել ճարտարապետական կրթությունը և խթանել հայկական ճարտարապետության, երիտասարդ տաղանդների միջազգային տեսանելիությունն ու մրցունակությունը։
Փառատոնի հաջողության լավագույն վկայությունն է միջազգային ճարտարապետական համայնքի աննախադեպ հետաքրքրությունն ու ակտիվ մասնակցությունը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ այն կայուն տեղ է զբաղեցնում համաշխարհային օրակարգում և ունի մեծ ներուժ՝ դառնալու տարածաշրջանի կարևորագույն մասնագիտական կենտրոններից մեկը։ Փառատոնի կազմակերպիչները լիահույս են հաջորդ տարի էլ ավելի ընդարձակել միջազգային համագործակցությունները։
Հավելենք նաև, որ այս տարի դասախոսություններով և քննարկումներով հանդես եկան 10 միջազգային ստուդիաների ներկայացուցիչներ՝ OFFICE KGDVS-ը (Բրյուսել, Բելգիա), Neri&Hu-ն (Շանհայ, Չինաստան), Studio Muoto-ն (Փարիզ, Ֆրանսիա), NOMOS-ը (Ժնև, Շվեյցարիա / Լիսաբոն, Պորտուգալիա / Մադրիդ, Իսպանիա), DF_DC-ն (Լոնդոն, Անգլիա), Förstberg Ling-ը (Մալմո, Շվեդիա), Anna & Eugeni Bach-ը (Բարսելոնա, Իսպանիա), PIOVENEFABI-ն (Միլան, Իտալիա / Բրյուսել, Բելգիա), Langarita Navarro Architects-ը (Մադրիդ, Իսպանիա) և DRDH ստուդիան (Լոնդոն, Անգլիա)։
Փառատոնային միջոցառումները տեղի ունեցան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, Առնո Բաբաջանյան համերգասրահում, Woods կենտրոնում և այլ վայրերում։





