Դիլիջանում իր դռներն է բացել Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, «Ալեքսանդր» հյուրանոցի իտալական ռեստորանում տեղի կունենա Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի պաշտոնական շնորհանդեսը:
 
Դիլիջանում իր դռներն է բացել Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջ ապրելակերպի ոլորտներում։ Վերջինս Իտալիայի համանուն կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է։ Դպրոցը կլինի կարևոր միջազգային հյուրընկալության կրթօջախ տարածաշրջանում՝ ուղղված գաստրոնոմիայի, հյուրընկալության և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը։ Դասընթացները կիրականացվեն իտալացի փորձագետների կողմից՝ համադրելով միջազգային փորձը և հայկական առանձնահատկությունները։
 
Apicius Florence-ն ակադեմիական և մասնագիտական կրթության ոլորտում ճանաչված և հեղինակավոր հաստատություններից մեկն է՝ Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից։ Դպրոցը հիմնադրվել է 1997 թվականին Ֆլորենցիայում՝ նպատակ ունենալով համախմբել հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտների լավագույն եվրոպական փորձը։ Apicius International School of Hospitality-ն հանդիսանում է Ֆլորենցիայի Արվեստների համալսարանի և Ամերիկյան Ֆլորենցիայի hամալսարանի մասնագիտական դպրոցներից մեկը, առաջարկում է վերապատրաստման, ակադեմիական և մասնագիտական կրթական ծրագրերի լայն տեսականի։ Դպրոցն առաջնահերթ է համարում հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը։ Ամեն տարի այն ընդունում է շուրջ 2500 ուսանող աշխարհի տարբեր երկրներից, որոնցից 600-ը մասնակցում են ամբողջական ակադեմիական կրթական ծրագրերին։
 
Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա։ Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար։
 
Apicius Armenia-ն միտված է դառնալու առաջատար կրթական կենտրոն՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ խթանելով նորարարությունը, կայուն զարգացումը և միջազգային զբոսաշրջության ոլորտում հայկական ներկայության ընդլայնումը։ Նախագիծը նախատեսում է համագործակցել բիզնեսների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ձևավորելով ամուր և կայուն կրթական էկոհամակարգ։
 
Apicius Armenia-ն առաջարկում է ակադեմիական ծրագրեր, մասնագիտական զարգացման ծրագրեր, ինչպես նաև սիրողական դասընթացներ։ Apicius Armenia-ն կոչված է նոր էջ բացելու հյուրընկալության և խոհարարական կրթության ոլորտում՝ ստեղծելով տարածաշրջանում եզակի կրթական հարթակ, որտեղ համադրվում են եվրոպական ստանդարտները, տեղական մշակութային առանձնահատկությունները և փորձառական ուսուցման լավագույն մեթոդները։ Դիլիջանում ստեղծվող այս կենտրոնը ոչ միայն կզարգացնի զբոսաշրջային ոլորտը, այլև կնպաստի տնտեսական աճին, համայնքային ներգրավվածությանը և հայկական գաստրոնոմիկ ժառանգության վերարժևորմանը՝ Հայաստանը վերածելով հյուրընկալության նոր չափանիշ սահմանող միջազգային կենտրոնի։