Լազերթագ մարզաձևի IT Cup հինգերորդ հոբելյանական առաջնությունը՝ Հայաստանում

Սեպտեմբերի 13-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ մարզաձևի IT Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև, ինչպես նաև ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։
 
Հինգերորդ հոբելյանական առաջնությունն իրականացնելու է LaserWar Armenia-ն, այն իրենից ներկայացնելու է ռազմատակտիկական խաղ-մրցաշար։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։ 
 
Մրցաշարին առանձին թիմերով կմասնակցեն ՏՏ, Web3 և ֆինտեխ համայնքի ներկայացուցիչները:
 
Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Իսկ բոլոր մասնակիցները ամեն խաղից հետո կստանան իրենց խաղային արդյունքների անհատական վիճակագրությունը՝ ստուգելու ու հետագայում զարգացնելու ռազմավարական գիտելիքները։ 
 
- Երկու ամիս շարունակ Հայաստանի տարբեր ոլորտների տաղանդները կդառնան հրամանատարներ: 16 թիմերի շուրջ 300 մասնակից իրենց ուժերը կչափեն լազերային մարտերում: Թիմերը կխաղան հետաքրքիր լքված լոկացիաներում,  հայտնի համակարգչային խաղերի եւ իրական մարտական իրադրություններին նմանեցված սցենարներով:
 
Այս տարվա հոբելյանական մրցաշարը լինելու է ավելի մասշտաբային, ավելի մրցակցային և ավելի բազմազան։ Առանձնահատուկ պետք է  նշել, որ սա պարզապես ռազմատակտիկական խաղ- մրցաշար չէ․ այն կոփում է թիմային ոգին, ստիպում մտածել սահմաններից դուրս և միավորում է մեր տեխնոլոգիական համայնքի փայլուն մտքերը մի միջավայրում, որը խթանում է համագործակցությունը, նորարարությունը և, ամենակարևորը, զվարճանքը, - նշում են միջոցառման նախաձեռնողները։