Առաջիկա տարում լրացուցիչ 6 միլիոն երեխա կարող է դուրս մնալ դպրոցից․ ՅՈւՆԻՍԵՖ
Կրթության գծով ֆինանսավորումը կարող է մինչև 2026 թվականը նվազել 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր երեխաների ապագան։
Գլոբալ կրթական ֆինանսավորման կտրուկ կրճատման պայմաններում մինչև 2026 թվականի ավարտը լրացուցիչ 6 միլիոն երեխա կարող է դուրս մնալ դպրոցից, որոնց գրեթե մեկ երրորդը, գտնվում է ճգնաժամային պայմաններում: Այս մասին է ասված ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ այսօր հրապարակված նոր վերլուծության մեջ։
Ակնկալվում է, որ կրթության համար տրամադրվող Պաշտոնական զարգացման օգնությունը (ODA) կարող է նվազել 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարով, այն է՝ 2023 թվականի համեմատ 24 տոկոսով: Ընդ որում, այդ կրճատումների մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում երեք դոնոր կառավարության: Նման անկումը կհանգեցնի նրան, որ դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը աշխարհում կաճի՝ 272 միլիոնից հասնելով 278 միլիոնի։ Իսկ սա համարժեք է Գերմանիայի և Իտալիայի բոլոր տարրական դպրոցներին միասին վերցված։
- Կրթությունից կրճատված յուրաքանչյուր դոլարը պարզապես բյուջետային որոշում չէ․ դա երեխայի ապագան է, որը թելից է կախված, - նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։- Կրթությունը, հատկապես ճգնաժամային պայմաններում, հաճախ երեխայի կյանքի փրկօղակն է, քանի որ սովորաբար համատեղվում են առողջապահական, պաշտպանության ու սննդի կարևոր ծառայությունները։ Կրթությունն ամենազորեղ հնարավորությունն է, որը երեխային թույլ է տալիս հաղթահարել աղքատությունը և ավելի լավ կյանք կերտել:
Վերլուծության համաձայն՝ 28 երկիր կարող է կորցնել նախակրթական, տարրական և միջնակարգ կրթության համար հատկացվող աջակցության առնվազն մեկ քառորդը։ Ամենամեծ վտանգի առաջ կանգնած են Կոտ դ’Իվուարը և Մալին․ այստեղ, ամենայն հավանականությամբ, դպրոց հաճախող երեխաների թիվը կնվազի համապատասխանաբար շուրջ 4 տոկոսով՝ կամ 340,000 և 180,000 աշակերտով։
Ճգնաժամային պայմաններում, որտեղ կրթությունը միայն սովորելը չէ, այլև տրավմայի ենթարկված երեխաներին կենսական աջակցություն է տալիս, ինչպես նաև կայունություն և «սովորականի» զգացում, ֆինանսավորումը կարող է կտրուկ նվազել․ որոշ դեպքերում կրճատումը կարող է կազմել ազգային կրթական բյուջեի առնվազն 10 տոկոսը։
Համակարգային մակարդակում լայնածավալ կրճատումները կխաթարեն նաև կառավարությունների կարողությունը՝ ապացուցահեն ծրագրեր կազմելու, ուսուցիչների մասնագիտական զարգացումը պատշաճ ապահովելու և կրթական արդյունքները դիտարկելու տեսանկյունից: Սա նշանակում է, որ անգամ այն երեխաները, որոնք շարունակեն հաճախել դպրոց, կարող են տուժել՝ ուսման որակի անկման պատճառով։ Ընդհանուր առմամբ, բոլոր տարածաշրջաններում շուրջ 290 միլիոն աշակերտ կարող է կրթական անկում ունենալ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում դոնոր և գործընկեր երկրներին գործել հիմա՝ կրթությունը պաշտպանելու համար կատարելով հետևյալ քայլերը՝
• Վերահավասարակշռել կրթական աջակցությունը՝ այն դարձնել հավասարապես բաշխված և արդյունավետ՝ աջակցության առնվազն 50 տոկոսը ուղղելով ամենաքիչ զարգացած երկրներին։
• Պահպանել արտակարգ իրավիճակներում արվող կրթական ֆինանսավորումը և առաջնահերթություն տալ կրթությանը որպես կենսական նշանակություն ունեցող միջամտության՝ այլ կարևոր ծառայությունների հետ մեկտեղ։
Կրթական աջակցությունը կենտրոնացնել միջնակարգ ուսուցման վրա՝ կենտրոնանալով վաղ մանկական և տարրական կրթության վրա, որտեղ ակնկալվող արդյունքներն ամենաբարձրն է։
• Պարզեցնել ֆինանսավորման համաշխարհային կառուցվածքը՝ համաձայն «ՄԱԿ 80» նախաձեռնության՝ բարելավելով արդյունավետությունը:





