«Նոթեյշնս» լաբորատորիան ավարտվում է երկօրյա փառատոնով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում

«Նոթեյշնս» լաբորատորիան ավարտվում է երկօրյա փառատոնով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում։ Երկու շաբաթ տևած ինտենսիվ փորձարկումներից և ստեղծագործական փոխանակումներից հետո լաբորատորիան օգոստոսի 2-ին և 3-ին Ֆիլհարմոնիան կվերածի ինստալյացիաների, համերգների և լաբորատորիայում ծնված գեղարվեստական համագործակցությունների կենսունակ տարածքի։
 
hosq-ի կազմակերպած  «Նոթեյշնս» լաբորատորիան մեկտեղեց ավելի քան 60 արվեստագետների Հայաստանից և 9
այլ երկրներից, որոնք աշխատում էին տարբեր ոլորտներում՝ ձայն, երաժշտություն, վիզուալ արվեստ, անիմացիա, վիդեո արվեստ և արհեստական բանականություն՝ ուսումնասիրելու հայկական դասական երաժշտության ժառանգության և նորարարության հատման կետերը։ Հիմնվելով Armenian National Music-ի կողմից հատուկ թվայնացված Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի վրա՝ մասնակիցները արխիվային հայկական դասական երաժշտությունն օգտագործել են  նոր գեղարվեստական փորձարկումների համար։ 13 օրվա ընթացքում արվեստագետները զբաղվել են համատեղ հետազոտություններով, իմպրովիզներով և փորձարկումներով՝ ընդլայնելով ձայնի և ձևի հնարավորությունները։ «Նոթեյշնս»-ը ոչ միայն վերաիմաստավորեց հայկական երաժշտական ժառանգությունը, այլև ստեղծարար առումով վերափոխեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ միջոլորտային արտահայտման նոր ձևաչափերով։
 
«Նոթեյշնս» փառատոնը կներկայացնի լաբորատորիայում ստեղծված աշխատանքների ամբողջ սպեկտրը՝ ինստալյացիաները, ձայնային փորձարկումները, մուլտիմեդիա արվեստի գործերը և կենդանի համերգները։ Այցելուները կտեսնեն անսպասելի գեղարվեստական հիբրիդներ, որոնք կխամրեցնեն միջոցների միջև սահմանները և կվերաիմաստավորեն մշակութային ժառանգության դերը ժամանակակից ստեղծագործության մեջ։
 
- Լաբորատորիան գործում է որպես էկոհամակարգ։ Իմպուլսներն ի հայտ են գալիս ներսից և դրսից։ Համադրողները, փորձագետները, մասնագետները հավասարակշռություն են պահպանում ճկուն կառուցվածքի շրջանակներում։ Նրանք ռիսկի են դիմում։ Նրանք իմպրովիզներ են կատարում՝ հասնելու մեր ներուժից ավելիին,-փաստում են լաբորատորիայի և փառատոնի կազմակերպիչները։