«Դիմակը՝ կերպար և գաղափար»
Օգոստոսի 1-ից երկու ամիս շարունակ Ռուսական արվեստի թանգարանի այցելուներին գեղագիտական հաճույք կպատճռի ու նաև մտրելու առիթ կտա «Դիմակը՝ կերպար և գաղափար» խորագրով ցուցահանդեսը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու)։ Այն միջթանգարանային համագործակցություն է՝ Ռուսական արվեստի թանգարանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ համատեղ: Համադրող՝ Գոհար Սմոյան։
Ցուցահանդեսում ներկայացվելու են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի արևելյան և աֆրիկյան դիմակների կոմպոզիցիաներով նատյուրմորտները (60-80-ական թվականներ) և Ազգագրության թանգարանի հնագիտական բաժնի աֆրիկյան դիմակների, քանդակների հավաքածուից Նիգերիայի, Կոնգոյի, Գվինեայի, Տանզանիայի դիմակները (60-70-ական թվականներ)։
Խորհրդահայ նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերն արտերկյա իրենց ճանապարհորդությունների ժամանակ վրձնած չինական, ճապոնական, աֆրիկյան դիմակներով և քանդակներով նատյուրմորտներում փորձել են ցույց տալ պատմական տարբեր ժամանակաշրջանների բնութագրերը՝ կոմպոզիցիաներում ներկայացնելով դիմակների տարբեր գաղափարական գործառույթները՝ ծիսական, էթնիկ, սոցիալական։
Ասլամազյանները, հանդես գալով որպես մտավորականներ, կարևորել են տարբեր ազգերի և ժողովուրդների միջև ձևավորվող փոխհարաբերությունները՝ դիտարկելով դիմակները որպես այդ փոխհարաբերություններն ամրագրող, նաև մշակութային տարբեր ժառանգությունների և ավանդույթների մասին պատմող, արձանագրող վկաների։ Քույրերի նատյուրմորտները համատեղ ցուցադրվելու են Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հնագիտական բաժնի աֆրիկյան դիմակների, քանդակների հավաքածուի հետ, որտեղ ներկայացված են Նիգերիայի, Կոնգոյի, Գվինեայի, Տանզանիայի դիմակները, որոնք հայտնվել են թանգարանում 20-րդ դարի կեսերին ավանդական աֆրիկյան արվեստի գործերի՝ Արևմուտք արտահանման արդյունքում։
Այսօր այդ դեկորատիվ պատկերազարդված դիմակներին անդրադառնալը կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրատեսական, իրապաշտական աշխարհում մարդկանց անհավատ լինելը, պատասխանատվության, խղճի բացակայությունը։ Այս ցուցադրությունը փորձ է` մարդկանց վերադարձնելու հրաշքի, մոգական ուժի սպասման ռոմանտիկ պատկերացումները։ Այդ ուժը զսպում է մարդկանց ամենաթողությունները, նպաստում է կարևորել մարդուն՝ ընտանեկան կապերում, կնոջը՝ որպես հուշապահպանի և պատմությունը սերունդներին փոխանցողի դերակատարման մեջ և հայրենի արմատների նկատմամբ ունեցած բարոյական արժեքներում։





